Հետաքրքիր փաստեր

Առաջին դորպատյան հայ ուսանողը

Աբովյանը պատռեց դարերով ծանրացած պատնեշը դեպի Եվրոպա և դարձավ առաջին հայը, ով ուսում ստացավ Դորպատի համալսարանում:

Քաղաքակրթության առաջին նախագնացները՝ Խորենացին, Եղիշեն, Փարպեցին կրթություն ստանալու նպատակով մեկնում էին Հունաստան, ուսումնատենչ շատ հայ պատանիներ բռնում էին Ասորիքի, Եգիպտոսի ու Բյուզանդիայի ճանապարհը: Երկար տարիներ անց դրանց փոխարինելու եկավ Ռուսական կայսրության Մերձբալթյան երկրամասն իր Դորպատ քաղաքով ու հռչակավոր համալսարանով: 1830 թվականին պրոֆեսոր Ֆ. Պարրոտի միջնորդությամբ Աբովյանը դարձավ Դորպատի համալսարանի առաջին հայ ուսանողը:

Գիտական մակարդակով, Ռուսական կայսրության համալսարանական քաղաքներից և ոչ մեկը՝ ո´չ Պետերբուրգը, ո´չ էլ Մոսկվան, չէր կարող հավասարվել Դորպատին: Այստեղ գործում էր հատուկ պրոֆեսորական ինստիտուտ, որի դասախոսական կազմը գիտական նախանձելի նվաճումների հասած մարդիկ էին, շատերը՝ ժամանակի լավագույն մասնագետները գիտության տվյալ բնագավառում:

Աբովյանը լինելով Դորպատի համալսարանի ազատ ունկնդիր սովորում էր գերմաներեն, ֆրանսերեն, լատիներեն, անգլերեն, հունարեն, թվաբանություն, երկրաչափություն, տիեզերագիտություն, հին աշխարհի պատմություն, տնտեսագիտություն, հոգեբանություն, ֆիզիկա, քիմիա, վիրաբուժություն, անատոմիա, ուսումնասիրում էր աշխարհագրություն, քարտեզագրություն, գյուղատնտեսություն, երգում երգչախմբում, հաճախում սոլֆեդժիոյի դասերին, նվագում կիթառ, շրթհարմոն, ջութակ, կլավիր: Ուսումնառության հետ մեկտեղ Աբովյանը սովորում էր նաև  ապակեգործություն, փայտամշակում, գրքի պատճենահանություն և կազմարարություն, բրուտագործություն, հացագործություն, շաքարագործություն՝ նպատակ ունենալով հայրենիք ներմուծել ոչ միայն եվրոպական կենցաղի տարրեր, կատարել բարքերի փոփոխություններ,  այլն նպաստել գյուղատնտեսության և արդյունաբերության որոշ ճյուղերի զարգացմանը:

Աբովյանն ապրում էր եռուն ուսանողական կյանքով՝ մասնակցում էր համալսարանում կազմակերպվող գիտաժողովներին, ուսանողական հավաքներին, հաճախում էր մանկավարժական սեմինարիա: Պրոֆեսորների ընտանիքներին հյուրընկալվելիս՝ նրանց սովորեցնում էր հայկական խաղեր և երգում հայկական երգեր: Աբովյանը Դորպատի միակ հայն էր: Երբ նա զբոսնում էր քաղաքում, բոլորը շշնջում էին. «Լիբեր Արմենիեր… (սիրելի հայ)»:

Աբովյանի շատ աշակերտներ ու հետևորդներ՝ Գաբրիել Խատիսյանը, Գևորգ Աքիմյանը, Ռափայել և Քերովբե Պատկանյանները, Գևորգ Միրիմանյանը և մեր նոր քնարերգության մի ամբողջ դպրոց մկրտվեց «Դորպատյան» անունով: Նրանք յուրատեսակ կամուրջ հանդիսացան Աբովյանի գաղափարները, գրական- մանկավարժական փորձն ու գիտելիքները հաջորդ սերունդներին փոխանցելու գործում: