Հետաքրքիր փաստեր

Առաջին գրադարանապետը

1832թ. հիմնադրվեց Երևանի գավառական դպրոցի գրադարանը (հետագայում՝ Հայաստանի Ազգային Գրադարան), որը նախախորհրդային Հայաստանում Էջմիածնի մատենադարանից հետո եղել է ամենախոշոր և հատուկ հանրային գրադարանը:

1843թ. ազգային գրադարանը իրական զարգացում ապրեց, երբ ուսումնարանի տեսուչ նշանակվեց Խաչատուր Աբովյանը: Նա կարևորում է գրադարանի դերը՝ հարստացնում նորանոր գրքերով և ստեղծում քարտադարան: Աբովյանը ծանոթ լինելով Դորպատի, Մոսկվայի, Պետերբուրգի, Թիֆլիսի, Կազանի բոլոր գրախանութներին, հայտնի հրատարակիչներին, գրավաճառներին՝ փոստային առաքումների միջոցով ձեռք էր բերում գրքեր, ամսագրեր, հանդեսներ և ուսումնական ձեռնարկներ: Գրադարանը, Աբովյանի տեսչության տարիներին,  համալրվում է ռուսական կայսրության բոլոր հայտնի հրատարակչություններից ու գրախանութներից ձեռք բերված գրականությամբ:

Մեծ լուսավորիչը իր հայրենասիրության, աշխատասիրության ու նվիրվածության շնորհիվ դարձավ առաջին գրադարանապետը: Նրա ղեկավարման տարիներին գրադարանը համալրվեց բազմաթիվ ու բազմաժանր գրականությամբ, որոնք մինչև այժմ էլ խնամքով պահվում են Հայաստանի Ազգային Գրադարանի անձեռնամխելի ֆոնդում: