Հետաքրքիր փաստեր

Առաջին աշխարհաբար այբբենարան-դասագրքի հեղինակը

Խաչատուր Աբովյանը ստեղծեց առաջին աշխարհաբար այբբենարան-դասագիրքը և կոչեց «Նախաշավիղ կրթության ի պէտս նորավարժից», այսինքն՝ գիտելիքների մեծ ճանապարհ դուրս գալու արահետ: Աբովյանը «Նախաշավիղը» գրել է 1838 թ.-ին: Դա մի սովորական դասագիրք չէր, այլ հանդուգն հղացում, որը եկավ հիմնիվեր քանդելու ժամանակի քարացած միտքը, մանկավարժական սրբանվեր սխոլաստիկան: Գրական լեզուն սովորեցնելը կենսական անհրաժեշտություն էր դարձել: Եվ Աբովյանը խիզախեց՝ հայ երեխաների ձեռքից վերցնել ժամագրքերը, կրոնական տաղերով լի գրաբարալեզու ձեռնարկները, տեղը տալ աշխարհիկ բովանդակության ու ժողովրդական, լեզվով դասագիրք:

«Նախաշավիղը» շրջադարձային ձեռնարկ հանդիսացավ լեզվի և մանկավարժության բնագավառում: Այն սկիզբ դրեց գրաճանաչության նոր՝ տառահնչական մեթոդին (մեկ տառին՝ մեկ հնչյուն): Նախաշավիղից առաջ և հետո եղած այբբենարանները պահպանում էին անվանատվության՝ տառահեգական եղանակը, իսկ դասագիրքը պետք է աշակերտներին դյուրությամբ սովորեցներ հայերենի այբուբենը, ընթերցասեր դարձներ նրանց: Անվերապահ է, որ Աբովյանը քաջատեղյակ էր գրաբարին, գիտեր դրա մեծագույն առավելությունները դեռևս վերջնականապես չկազմավորված աշխարհաբարի նկատմամբ, բայց գիտակցում էր, որ որքան էլ՝ շքեղ ու հարուստ, այն ժողովրդական լայն զանգվածների համար մեռած լեզու էր, անմատչելի, անհասկանալի, անօգտագործելի:

«Նախաշավիղը» Աբովյանի գրվածքների մեջ միակն է, որ հեղինակի կենդանության օրով տպագրվեց, բայց լույս աշխարհ չեկած՝ գիրքը խավար ժամանակի զոհ դարձավ: «Նախաշավիղի» ձախորդ կյանքի պատմությունը հայ գրականության մռայլ էջերից է: Նշվել է, որ արքեպիսկոպոս Կարապետը լսելով, որ Աբովյանի գիրքն աշխարհաբար լեզվով է գրված՝ արգելել է դրա տպագրությունը. ոչ հաստատված տվյալներով գիրքն անգամ այրել են …

Խաչատուր Աբովյանը «Նախաշավիղ» դասագրքով՝ ուսուցման իր եղանակով, շարունակում էր կրթել ու դաստիարակել հայ մանուկներին: