Գ. Ֆ. Պարրոտին: – Հունվարի 23

Извините, эта страница доступна только на Армянский For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

2

Մեծապատիվ պարոն պետական խորհրդական

Այն կշտամբանքը, որ արել են իմ ազգին և իմ դասին, թե նրանք շահամոլներ են, շատ թանկագին րոպեներ է խլել ինձնից ցարդ, մինչև ես կարող կլինեի մի որևէ բան անել և գլուխ բերել: Երկուշաբթի ես Ձեզ մոտ չեկա ճաշի մի բոլորովին այլ ցանկության պատճառով և բացի այդ, վերոհիշյալ միտքը կասեցնում էր իմ քայլերը:

Ո՛չ պնդերեսությունը, ո՛չ էլ արհամարհական վերաբերմունքը դեպի լավը ստիպում են ինձ նույն ցանկությունը բացարձակ կերպով արտահայտել, այլ սերը՝ դեպի լավը, դեպի մարդը, դեպի հայրենիքը, այն սերը, որի համար ես գլխավորապես պարտական եմ Ձեր ազգին, որովհետև նա է զարթնեցրել իմ մեջ այդ սերը:

Կիրակի օրը պատահմամբ լսում եմ, որ այստեղ է ժամանել իմ հայրենի Երևանի քաղաքից մի երիտասարդ մարդ՝ Ստ. Ներսիսյան անունով: Նկարչության նկատմամբ ունեցած բուռն սիրուց տարված, թողնում է նա իր հայրենիքը, ազգականներին, մի իտալացի նկարչի մոտ ծառա է մտնում և այդ անվան տակ՝ ամենադաժան չարչարանքներ կրելով իր տիրոջից, հասնում է Պետերբուրգ: Առանց նվազագույն գաղափար ունենալու այս քաղաքի արվեստի գործերի մասին, նա կարծում է, որ կկարողանա այստեղ կատարելագործել իր արվեստագետի տաղանդը: Ես ճանաչում էի նրան դեռ այնտեղ, բայց կամենում էի նախքան նրան տեսնելը, նրա համար ծածուկ մի բան արած լինել: Երեկ պատահաբար հանդիպում ենք իրար: Չեմ ժխտում, որ ես իսկապես ցանկանում էի նրան տեսնել, բայց ինչպիսի՜ հանդիպում: Ես գտնում եմ նրան մի վարդապետի մոտ, նախասենյակում՝ խորասուզված մտքերի մեջ. ես ողջունում եմ նրան, որպես արվեստագետի՝ այնպիսի հարգանքով և ուշադրությամբ, ինչպես վայել է այդ դասակարգին, և առաջարկում եմ նրա նստել ինձ մոտ: Դժբախտը չի կարողանում սկզբում հասկանալ, թե ո՞վ է նրա հետ այդպես սիրալիր վարվողը և, ինչպես ես նկատում եմ, նա սպասում է անխիղճ վարդապետի թույլտվությանը, թե իրավունք ունի՞ արդյոք սենյակ մտնելու և ինձ մոտ նստելու, ինչպես որ ցանկանում էի: Նա թույլ է տալիս միայն իմ խնդրելուց հետո: Քաղաքավարությանը հակառակ չգնալու համար ես միառժամանակ մոռանում եմ նրան, որպեսզի տան տերը դրանում ոչ մի կասկածելի բան չգտնի: Երբեմն-երբեմն խոր հառաչաքներ են գալիս դեպի իմ կողմը, սիրտս զգում է նրանց նշանակությունը. այդ, անշուշտ, վիրավորված, բայց հուսալի զգացումի լեզուն  էր, որով նա խոսում էր ինձ հետ, առանց բառերի, չիմանալով թե ո՞վ եմ ես, որ այնպես սրտիս մոտ եմ ընդունում նրա ճակատագիրը: Վարդապետի դուրս գալուց հետո բռնում եմ նրա ձեռքը, նկատում եմ նաև նրա սև, ուշագրավ աչքերի արտասուքը և նրա բերանից իմանում իմ սրտի համար ամենացավալի բաներ: Հազիվ այստեղ հասնելով՝ նա իր տիրոջն ասում է, թե այլևս չի կամենում իր հայրենիքը վերադառնալ: Նա շնորհակալ է երկնքից և իր տիրոջից, որ այստեղ է եկել: Այժմ նա ցանկանում է կամ այստեղ մեռնել, կամ վերադառնալ իբրև արվեստագետ՝ իր ազգի համար:Որքան շատ է նա արտահայտում իր այդ ցանկությունը, այնքան ավելի դաժան պատիժներ է կրում անսիրտ մարդուց: Նա այստեղ ոչ ոքի չի ճանաչում, բացի մի հայից. վազում է նրա մոտ, և վերջինս մի խնդրագիր է գրում նրա համար՝ ուղղված նորին պայծառափայլություն պարոն գաղտնի խորհրդական Բենկենդորֆին, որի մեջ նկարագրում է նրա ճակատագիրն ու ցանկությունը և թախանձագին խնդրում, որ կառավարությունը նրան պաշտպանի և ուղարկի Գեղարվեստների ակադեմիա: Այդ խնդրագիրը դեռևս նրա մոտ է, բայց չգիտե, թե ինչպես վարվի, որովհետև նրա տերը այստեղից մեկնելու է մոտավորապես երեք շաբաթից հետո:

Սիրելի պետական խորհրդակա՛ն, ես մի րոպե միայն մխիթարեցի նրան, միայն հույսերով թեթևացրի նրա ցավերը: Ասիայում երաժշտության և նկարչության արվեստների տարածելն իմ վաղեմի, ջերմ ցանկությունն է եղել: Դրանց միջոցով կրակոտ արևելցիք ավելի շուտ կհասնեն քաղաքակրթության, քան որևէ այլ միջոցով, ինչպիսիք էլ դրանք լինեն: Այդ մտադրությամբ ես կամենում էի արդեն հայրենիքիցս երիտասարդ մարդիկ ուղարկել այստեղ, եթե նրանք դրա համար տաղանդ և տրամադրություն ունենային. և հիմա դրանցից մեկն այստեղ է՝ առանց իմ խնդրանքի, առանց իմ առաջարկության: Միթե՞ աստուծո մատը մասնակից չէ այդ բանում: Ես ինձ մոռացել եմ. ինչ որ արվելու է, այժմ պետք է անել նրա՛ համար: Նա իմ հայրենի քաղաքից է, հետևաբար և՝ իմ եղբայրը: Այժմ այլևս հաշվի չեմ առնի, եթե ինձ արհամարհեն այն կշտամբանքների համար, որ ստացել են իմ հայրենակիցները, իբրև շահամոլ մարդիկ: Այո՛, ես էլ եմ շահամոլ, սակայն սուրբ գործի համար: Ես էլ նրա նման դժբախտ կլինեի, եթե տեսնեի, թե ինչպես է ոչնչանում նրա տաղանդը: Նույն այս ցանկությունն ես արտահայտել եմ նաև նորին գերազանցություն պարոն Ժուկովսկուն: Միթե՞ մեծահոգի, բարերար կառավարությունից գթառատության մի կաթիլ կպակասի, եթե նա երջանկացնի այսպիսի մի երիտասարդ մարդու: Ո՞վ գիտե, թե ինչ տաղանդ է թաքնված նրա մեջ: Ո՛չ, Պետերբուրգում կարող է և պիտի կատարվի նրա ցանկությունը: Այդ ակնկալությամբ Ձեզ եմ հղում այս գրությունը, Ձեզ, որի հանդեպ տածում եմ որդիական սեր: Ես ինձ կծախեի, եթե դրանով կարողանայի օգնել նրան որևէ կերպ: Իմ ազգը նվազ չափով է տեսնում ապագան, այդ բանն ասում եմ փորձի հիման վրա: Հանգիստս կորել է: Բարի եղեք որոշել իմ ճակատագիրը, որպես այդ երիտասարդ մարդու ճակատագիր:

                                  Անկեղծ հարգանքով 

                              Ձեզ անձնվեր և հավատարիմ

                                                                             Խ. Աբովյան

1835, 23 հունվարի

Պետերբուրգ