Վերջին վերելքը Արարատի գագաթ

Աբովյանը երկրորդ անգամ Արարատ է բարձրացել 1846թ- ի սեպտեմբերին՝ անգլիացի  ճանապարհորդ Հենրի Սեյմուրի հետ:

Օտարերկրացի այս ազնվականը սիրել է ճանապարհորդել արևելյան երկրներում՝ Հնդկաստանից վերադառնալիս, անցնելով Պարսկաստանի տարածքով, եկել է Ռուսաստան և Թիֆլիսում անհրաժեշտ պաշտոնական հանդիպումներից հետո թույլտվություն ստացել ուսումնասիրել Արարատի մերձակայքը և տեսնել  1840թ. հունիսի 20-ին տեղի ունեցած երկրաշարժի  հետևանքները: Ցավալի էր երբեմնի ծաղկյալ բնակավայրերը ամբողջովին ամայացած տեսնել,  որտեղ  տարիներ  առաջ Աբովյանը շրջագայել էր հանգուցյալ պրոֆեսոր Պարրոտի  հետ: Վեց տարի առաջ այդ նույն վայրում գոյություն ուներ գեղեցիկ գյուղը՝ Ակոռին, իր հարստությամբ ու հնությամբ, բայց Արարատի մի ժայթքումը ամայություն է  սփռել և ոչնչացրել մի ամբողջ գյուղ՝ 5000 բնակչով: Մնացել էր մի քանի ավերված տներ, չորացած ծառեր, մի քանի տապանաքար Ս. Հակոբի հովտից:

Սեյմուրը երկրաշարժի  հետևանքները տեսնելուց  հետո մտադրվում  է  բարձրանալ  Արարատի  գագաթը՝ Աբովյանի ուղեկցությամբ: Բարենպաստ եղանակային  պայմանների շնորհիվ,  սեպտեմբերի  18-ին,  ինչպես  Աբովյանն է  գրել. «Թվում է, վոր Արարատը յերբեք այդպես  բարեհաճ չեր յեղել  ուղևորի համար… Այս անգամ  բախտը կամեցավ առաջնորդությունն ինձ շնորհել յերկրպագելու մարդկային ցեղի նախահոր սրբազան բնակավայրին… Լեռան բուն գագաթը մի տափարակ, փոքր-ինչ կարծրացած ձյունից խորդուբորդ հարթություն է, որի վրա հարմար է ման գալ ոտքով… Յերբ անցավ մեր առաջին ուրախությունը, մենք սկսեցինք մտածել վերադառնալու մասին- յերկար ու դժվարակոխ ճանապարհի մասին: Կեսորից արդեն անց եր…»:

Այս ճամփորդության մասին Աբովյանը գրել է իր հայտնի «Նոր վերելք Արարատի գագաթը» աշխատությունը,  որը տպագրվել է 1847թ. «Кавказ» լրագրում: Այն գրված է ճամփորդական նոթերի ձևով, որն արժեքավոր է նկարագրություններով:

Վերադառնալով Անգլիա՝ Սեյմուրը գիրք է հրատարակել ճանապարհորդական տպավորությունների մասին, որը տպագրվել է Լոնդոնում, 1877թ.: