ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խ. Աբովյանի գավառական տեսուչ աշխատելու տարիներին հաճախակի Երևան են այցելել օտարերկրացի գիտնականներ՝ Հայաստանում ուսումնասիրություններ, հետազոտություններ կատարելու նպատակով:   Ճամփորդությունների  ժամանակ, իշխանության հանձնարարությամբ,  գիտնականներին առաջնորդել է Աբովյանը և արժանացել նրանց ջերմ շնորհակալությանը:

1838թ.գարնանը Աբովյանը շրջագայել է ներքին խորհրդական, բարոն սենատոր Պ. Հաանի հետ: Գերմանացի գիտնական Հաանը ուղարկված էր Նիկոլայ 1-ինի կողմից ուսումնասիրելու Անդրկովկասը՝ վարչական վերակառուցման նախագիծ կազմելու նպատակով: Աբովյանն այս ճամփորդությունը կատարել է Թիֆլիսից`  Հայաստան: Թիֆլիսից դուրս գալով՝ շրջում են Թելեթում, Շուլավերում, Լոռիում: Հասնում են Ալեքսանդրապոլ, ապա այցելում` Անի: Սարդարաբադի և Արմավիրի վրայով գալիս հասնում են Էջմիածին: Հաանը ճանապարհվում է Կողբի հանքերը, իսկ նրա կինը Աբովյանի հետ՝ Էջմիածին: Ամբողջ ճամփորդությունը Աբովյանը նկարագրել է մի նամակի մեջ, որն ուղղված է եղել Թիֆլիսի դպրոցի աշակերտներին.  «Առ բարեսնունդ և սիրելի աշակերտս իմ», այսպես է կոչվել նամակի ձևով գրված այս ուղեգրությունը, որն Աբովյանը գրել է 1838թ.Էջմիածնում :

1843թ. ապրիլի 5-ին Անդրկովկասի ուսումնարանների վերատեսչի պաշտոնակատարից Խ.Աբովյանը ստանում է գրություն, որի համաձայն՝ պետք է ճամփորդեր բավարացի  գիտնական դոկտոր Մավրիկիոս Վագների հետ: Վագները եկել էր Հայաստան աշխարհագրական հետազոտություններ կատարելու նպատակով: Նրանց ճանապարհորդության երթուղին սկսվում է Թիֆլիսից,  այնուհետև Ղազախ, Քարվանսարա (Իջևան), Դիլիջան, Սևանա լիճ, Հրազդան, Երևան, Էջմիածին, Երասխ (Արաքս) գետ, Ալեքսանդրապոլ, Ղշլաղ (Ժդանով), Լալվարի լեռներ, Թիֆլիս:

1852թ. հրատարակվում է Մ.Վագների «Ուղևորություն դեպի Արարատ և Հայկական լեռնաշխարհ» գիրքը, որից կարող ենք տեղեկություններ ստանալ ուսում­նասիրությունների մասին: Գիրքը գիտական մեծ արժեք է ներկայացնում, քանի որ շարադրված նյութերը հագեցած են գիտական բազմաթիվ տվյալներով, որոնք վկայում են նաև գործիքներով կատարված դիտարկումների մասին (ջերմաչափական, ծանրաչափական և այլն): Հեղինակը մանրամասն թվարկում է վայրերի բույսերն ու կենդանիները, համեմատում Աղստև գետի հովտի բնությունը Գերմանիայի հետ և գտնում զգալի նմանություններ: Մասնակցելով Վագների՝ դաշտային պայմաններում կատարած հետազոտություններին՝ Աբովյանը հարստացնում է հայրենագիտական աշխարհագրական գիտելիքները:

IMG_0008
Խ. Աբովյանի շրջագայությունները 1838-1847թթ.

1843թ. ամռանը Երևանի գավառական ուսումնարանի տեսուչ աշխատելու տարիներին Աբովյանին առաջարկում են ճանապարհորդել գերմանացի գիտնական, ճանապարհորդ, գաղտնի խորհրդական Ա. Հաքստհաուզենի հետ: Հաքստհաուզենը պրուսական չինովնիկ էր, ագրարային հարաբերություններ հետազոտող: Նա ճանաչված էր իբրև Պրուսիայի և Ռուսաստանի հողատիրության և հողօգտագործման լավագույն գիտակ, շրջագայել է Անդրկովկասում, այցելել Հայաստան: Դորպատում անցկացրած անձնական ուղևորություններից, այնուհետև Պ. Հաանի հետ զրույցներից Խ.Աբովյանը ստացել էր սեղմ գիտելիքներ ագրարային հարաբերությունների վերաբերյալ, բայց Ա.Հաքստհաուզենի հետ ուղևորությունները նրա մեջ ձևավորում են տնտեսաաշխարհագրական ու քաղաքական բնույթի նոր հասկացություններ ու պատկերացումներ: Այս ուղևորությունից հետո Աբովյանը ավելի հիմնավորված քննադատության է ենթարկում ճորտատերերի, ունևորների և շահագործողների դաժանությունները, տեսնում կարիքի մեջ տանջվող աշխատավոր ժողովրդի ճորտատիրական կարգերի դեմ արթնացող բողոքի տրամադրությունները: Հետագայում Աբովյանը գրում է մի հաշվետվություն, որտեղ նշում է, որ Ա.Հաքստհաուզենի հետ շրջագայելու ժամանակ, ձգտել է, ըստ հնարավորության, լինել օգտակար, հավաքել տեղեկություններ ժողովրդի նիստ ու կացի,  ապրելակերպի վերաբերյալ: Բարոնը շատ գոհ է մնացել և հնգօրյա ճամփորդությունից ստացած տպավորություններն ու շնորհակալական խոսքն է գրել հայ ուղեկցողի մասին իր երկհատոր «Անդրկովկասյան երկրամաս» աշխատության մեջ (Լայպցիգ 1856թ.) և նշում, որ Հայաստանի վերաբերյալ տվյալները հիմնականում ստացել է Խ.Աբովյանից:

Գտնվել է մի վավերագիր, որը վկայում է, որ Ա. Հաքստհաուզենին ուղեկցելուց անմիջապես հետո Խ. Աբովյանը շրջագայել է ոմն Լիվենի հետ: Դրա մասին իմանում ենք Էջմիածնի սինոդի դատախազի պաշտոնակատար Մարինովի՝ 1843թ. սեպտեմբերի 11-ին, Անդրկովկասի քաղաքացիական  մասի պետ գեներալ Գուտկոյին ուղղված զեկույցից:  Ո՞վ էր այդ ճանապարհորդը, ու՞մ կարգադրությամբ է ուղեկցել նրան Խ.Աբովյանը և բացի Էջմիածնից որտե՞ղ է տարել և ինչպիսի՞ գիտելիքներ է ստացել նա այդ անձնավորությունից, ցավոք, ոչինչ հայտնի չէ: Միայն ենթադրաբար կարելի է ասել, որ դա կարող է լինել Դորպատի համալսարանի նախկին շրջանավարտ  բարոն Վ.Կ.Լիվենը, որը 30-40-ական թվականներին կառավարության հանձնարարությամբ շրջագայություններ էր կատարում Փոքր Ասիայում, հավաքում տեղեկություններ այդ երկրների մասին և կարող էր այցելել Արևելյան Հայաստան ևս ու հանդիպել Խ.Աբովյանին:
Հաջորդ ճանապարհորդությունը Խ.Աբովյանը կատարում է 1844թ. մայիսին գերմանացի բանաստեղծ Ֆրիդրիխ Բոդենշտեդտի հետ: Նա հայտնի էր ռուսերենից, անգլերենից և արևմտյան մի քանի լեզուներից կատարած թարգմանություններով: Բոդենշտեդտը Երևան էր եկել հավաքելու և գրի առնելու հայ և Հայաստանի տարածքում ապրող մյուս ժողովուրդների՝ քրդերի և ադրբեջանցիների ազգային երգերը: Աբովյանի շնորհիվ նրան հաջողվում է խոսեցնել և գրի առնել հիշյալ ժողովուրդների պատմածները իրենց կենցաղի, բարքերի և սովորույթների վերաբերյալ: Այսպես, Աբովյանը խորանում է նաև աշխարհագրությանը հարակից մեկ ուրիշ գիտության՝ ազգագրության մեջ: Այս ճանապարհորդական տպավորություններն ու ուսումնասիրությունները զետեղված են Բոդենշտեդտի «Հազար ու մի մեկ օր Արևելքում» մեծածավալ (3 հատոր) աշխատության մեջ և «Հիշողություններ իմ կյանքից» գրքում:

1844թ. Անդրկովկասյան ուսումնարանների ղեկավարության կողմից Աբովյանը գրություն է ստանում, որի համաձայն՝ պետք է ճանապարհորդեր գերմանացի բուսաբան Կարլ Կոխի հետ: Գիտարշավներին մասնակցելու, հրատարակված և չհրատարակված աշխատությունների շնորհիվ Խ.Աբովյանն արդեն հայտնի էր որպես իր ծննդավայրը լավ ճանաչող և գիտություններ սիրող ուսուցիչ: Նա օգնում է Կոխին գիտական դիտարկումներ կատարելիս՝ բույսերի հավաքման ու տեսակավորման գործում:

1844թ. Աբովյանը ճամփորդում է նաև Դորպատի համալսարանի երկրաբանության ամբիոնի վարիչ՝ Հերման Աբիխի հետ, որը զբաղվում էր Անդրկովկասի և Պարսկաստանի երկրաբանական կառուցվածքի հետազոտություններով: Հայաստանում երկարատև շրջագայությունների ժամանակ Աբիխը մտերմացել էր Խ.Աբովյանի հետ և մասնակից դարձրել իր ուսումնասիրություններին: Նա մտադրված է եղել բարձրանալ Արարատի գագաթը, որն էլ երկու անգամ անհաջող փորձերից հետո չի իրականացել: Անհաջողության պատճառը այդ տարվա անընդհատ տեղացող ձյունը, քամիներն ու վատ եղանակն է եղել, որի մասին տեղեկացրել է Աբովյանը Կովկասի ուսումնարանական մասի կառավարիչ գեներալ Շրամին ուղղված զեկուցագրի մեջ: Հ.Աբիխը, ի վերջո, բարձրանում է Արարատի գագաթը՝ առանց Խ. Աբովյանի, քանի որ նրա երկարատև բացակայությունը (5 ամիս) բացասաբար է անդրադարձել նրա մանկավարժական գործունեության վրա. արդյունքը՝ աշակերտները ցուցաբերել են ցածր առաջադիմություն: Սակայն ղեկավարությունն ինքն էր ուղարկել խ.Աբովյանին մասնակցելու Աբիխի գիտարշավի ուսումնասիրություններին՝ բարձր գնահատելով նրա աշխարհագրական գիտելիքները:

Հ.Աբիխի գիտարշավի հետազոտությունները հետագայում հրատարակվեցին: Այդ ուղևորության մասին Աբովյանը մի քանի ուշագրավ ակնարկներ է կատարել իր «Արևմտյան երեք իմաստություններ» և «Արևմտյան երեք իմաստուններ՝ քրիստոնյա մոլլայի ուղեկցությամբ» երկու երկերի մեջ (1846թ. կամ 1847թ.), իսկ Աբիխի աշխատությունները հրատարակվել են շատ ավելի ուշ:

1845թ. սկզբներին Խ.Աբովյանն ինքնուրույն ուղևորություն է կատարում դեպի Արևելյան Հայաստանում ապրող քրդերի և եզդիների բնակավայրերը, խորանում այս ժողովուրդների սովորույթների ուսումնասիրությունների մեջ և հետագայում գրում ազգագրական հարցերին նվիրված իր հայտնի աշխատությունները, դառնում ազգագրության հիմնադիրներից մեկը հայ իրականության մեջ:

Հաջորդ  ճանապարհորդությունը Աբովյանը կատարում է 1846թ. սեպտեմբերի 14-19 ժամանակահատվածում՝ անգլիացի ճանապարհորդ Հենրի Դենբի Սեյմուրի հետ, որից աշխարհագրական նոր գիտելիքներ, առանձնապես, ձեռք չբերեց:

Օտարերկրացի այս ազնվականը սիրել է ճանապարհորդել արևելյան երկրներում՝ Հնդկաստանից վերադառնալիս, անցնելով Պարսկաստանի տարածքով, եկել է Ռուսաստան և Թիֆլիսում անհրաժեշտ պաշտոնական հանդիպումներից հետո թույլտվություն է ստացել բարձրանալ Արարատի գագաթը՝ 1840թ. հունիսի 20-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները տեսնելու համար: Այս ճանապարհորդության մասին Աբովյանը գրել է իր հայտնի «Նոր վերելք Արարատի գագաթը» աշխատությունը, որը տպագրվել է 1847թ. «Кавказ» լրագրում: Վերադառնալով Անգլիա՝ Սեյմուրը գիրք է հրատարակել ճանապարհորդական տպավորությունների մասին, որը հրատարակվել է Լոնդոնում, 1877թ.:

Աբովյանը Հայաստանի տարբեր վայրերում ճանապարհորդություն է կատարել նաև ռուս գրող և գրականագետ Ա.Ն. Մուրավյովի հետ: Այս ճամփորդության հիմնական նպատակը եղել է ազգագրական հարցերը: Հետագայում«Վրաստան և Հայաստան» եռահատոր աշխատության մեջ Մուրավյովը, մեջ բերելով Աբովյանից ստացած կարևոր տեղեկությունները, մեծ հարգանքով է խոսում նրա մասին:

Աբովյանի վերջին ուղևորությունը տեղի է ունեցել 1847թ. հոկտեմբերի 21-28-ը: Երևանի գավառապետ Ն.Վ. Բլավատսկու հրավերով, նա մասնակցել է Բագրատունիների մայրաքաղաք՝ Անիի ավերակները կատարվող շրջագայությանը: Այդ ճանա­պար­հորդությունից ստացված տպավորությունները Աբովյանը գրում է «Ուղևորություն դեպի Անիի ավերակները» աշխատության մեջ: Այս երկը պարունակում է ուսումնասիրության համար շատ կարևոր փաստեր, մտքեր ու արտահայտություններ, որոնց առանձին հատվածները վկայում են Աբովյանի աշխարհագրական հարուստ գիտելիքների մասին:

  1. Պ.Հաանի հետ-1838թ.                                   .
  2. Մ.Վագների հետ-1843թ.
  3. Ա. Հաքստհաուզենի հետ-1843թ
  4. Հ.Աբիխի հետ-1844թ.
  5. Կ.Կոխի հետ-1844թ.
  6.    Ֆ.Բոդենշտեդտի հետ-1844թ.
  7. Լիվինի հետ-1843թ
  8. Ն. Մուրավյովի հետ-1846թ.
  9. Հ. Սեյմուրի հետ-1846թ.
  10. Ն. Բլավատսկու հետ-1847թ.