Նախնիներ

Աբովյանի նախնիները գաղթել են  17-րդ դարի 80-ական թվականներին Հյուսիսային Կովկասում գտնվող պատմական Լազիստան գավառից: Չդիմանալով կովկասյան լեռնաբնակների հարձակումներին և հարստահարություններին՝ մի քանի ընտանիք­ներով գալիս են Երևանի սարդարի մոտ և բնակության տեղ խնդրում Քանաքեռում: Սարդարն ընդունելով նրանց՝ հաստատում է մելիքության հատուկ պատվի ու արտոնությունների մեջ և բնակության տեղ տալիս Քանաքեռի մեծ ու զուտ հայաբնակ գյուղում:

Աբովը՝ Խ. Աբովյանի պապի պապն է եղել: Խ.Աբովյանն իր նախնիների մասին գրել է. «Իմ հայրենական տունն այս երկրում ամենահայտնիներից և ամենից հարգվածներից է»:

Խ. Աբովյանի պապի՝ պարոն Աբովի մասին հարուստ տեղեկություններ կան 18-րդ դարի 2-րդ կեսից:  Այն ժամանակվա հարուստներից և ոչ մեկը Աբովյանների համբավն ու անունը չեն ունեցել: Աբովյանների ընտանիքը շատ աշխատասեր է եղել: Նրանք հիմնել են այգիներ, մշակել խոպան հողը և այդպես դարձել ունևոր: Պարոն Աբովը եղել է մարդկային բարձր առաքինությունների տեր մարդ, որի կյանքի նպատակն էր ամբողջությամբ նվիրվել հասարակությանը, օգնել կարիքավորներին, թշվառներին, բարձրացնել ընկածներին: Նրան խորթ էր ազգային խտրականությունը: Նրա դուռը հավասարապես բաց էր ամեն ցեղի ու ազգի մարդկանց առաջ: «Բարեհիշատակ այրն երևելի մեծապատիվ Աբով»,-այսպես է բնութագրում նրան շատ տարիներ հետո ներսես Աշտարակեցին:

Ականատեսների պատմածով՝ պարոն Աբովը եղել է մի վիթխարի գեղեցիկ տղամարդ. հպարտ, բայց մեղմ ու սիրալիր բնավորությամբ, ամեն լավ գործի համար եռանդով լի, հարուստ, բայց վերին աստիճանի բարեգործ, կարեկցող ու հյուրասեր: Նա մեծ հեղինակություն էր վայելում հայերի ու թուրքերի և, մինչև իսկ, պարսիկ մեծամեծների մոտ: Երևանում նա ուներ արհեստանոցներ, ինչպես և խանութներ, որ վարձով էր տալիս, այնուհետև հողային աչքի ընկնող սեփականություն, ևս ուներ, մասնավորապես հրաշալի այգիներ, որոնցից մեկը գտնվում էր Երևանից Թիֆլիս տանող ճանապարհի վրա ու ձգվում էր համարյա մի ժամվա հեռավորություն: Այնտեղ կային ընկույզի, խնձորի, կեռասի, դեղձի, ծիրանի, թթի, փշատի շատ հարյուրների հասնող հսկա ծառեր, ինչպես նաև խաղողի հրաշալի տարածություններ՝  հատկացված բացառապես օտարա­կանների վայելքի և օգտագործման համար: Կողքով անցնող ամեն մի անցորդ իրավունք ուներ ներս մտնել և ցանկացածի չափ ուտել ու իր հետն էլ վերցնել: Այս այգու ձմեռային մրգերը և գինին պահվում էին մի հատուկ մառանում, որտեղ ամեն մարդ նույնպես ազատ մուտք ուներ: Տունը միշտ լիքն էր հյուրերով. Էջմիածնի կաթողիկոսը, եպիսկոպոսները, հոգևորականներն ու աշխարհականները խառնիխուռն ներս էին մտնում ու դուրս գալիս:

Պարոն Աբովը ամեն տարի կնոջ և երեխաների՝ Հարությունի և Ավետիքի հետ ուխտ էր գնում Էջմիածին՝ իր հետ տանելով առատ նվերներ: Հոգևորականները նրան պատվով ընդունում և պատվով ճանապարհում էին: Նա ազատ մուտք ուներ կաթողիկոսի մոտ, որը նրան սիրով էր ընդունում:

Երևանի խանը պարոն Աբովին ու նրա ժառանգներին շնորհում է Քանաքեռի ժառանգական տանուտերության իրավունք՝ դասելով թարխանների (այսինքն՝ արտոնյալ ազնվական ընտանիքների) կարգը: Պարսից  տիրակալության շրջանում թարխաններն ազատ էին հարկերից և օգտվում էին առանձնահատուկ արտոնություններից:

 

8
Խ. Աբովյանի հայրը՝ Ավետիքը
1
Խ. Աբովյանի մայրը՝ Թագուհին

 

Խ.Աբովյանի ծնողներն են` Ավետիքը և Թագուհին: Նրանք պսակադրվել են 1803թ-ին: Ունեցել են 4 զավակ՝ Խաչատուր, Կարապետ, Մոսի, Վիրապ: