Կրթություն

17  Խ. ԱԲՈՎՅԱՆԸ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ: 1814 թվականին ծնողները 9-ամյա Խաչատուրին տանում են Էջմիածնի վանք և հանձնում Եփրեմ կաթողիկոսի խնամքին, որ վաղեմի բարեկամական սիրով կապված է եղել Աբովյան մելիքական ընտանիքի հետ: Կաթողիկոսն էլ իր հերթին հանձնել է նրան Անտոն եպիսկոպոսին, որ սիրել է նրան որդու պես և տվել նրան այն ուսումն ու դաստիարակությունը, որ այն ժամանակները տրվում և ավանդվում էր վանքում: Աբովյանը Էջմիածնում մնաց հինգ տարի՝ ստանալով այստեղ այն ժամանակվա համար տիպիկ դաստիարակություն ու կրթություն, որը հիմնված էր սխոլաստիկայի ու դոգմատիզմի վրա, գրաբար լեզվով կրոնական գրքերի սերտման, դաժան պատիժների ու ծեծի վրա: Այդ ժամանակ Էջմիածնում գոյություն ուներ ուսուցման երկու համակարգ՝ դպրոցական և խցային: Առաջինը կատարվում էր Էջմիածնի «Ժառանգաւորաց դպրոցում», որը տրվող գիտելիքների մակարդակով ու որակով, դաստիարակության և դասավանդման մեթոդներով, կիրառվող պատիժներով ոչնչով չէր տաբերվում ժամանակի խալիֆայական դպրոցներից: Իսկ խցային ուսուցումը տեղի էր ունենում վանականներից որևէ մեկի մոտ և իր ոգով ու ընդհանուր ուղղությամբ նույնպես չէր տարբերվում այն ժամանակվա ուսուցման իշխող համակարգից: Խցային ուսուցման մակարդակն ամբողջովին կախված էր իր՝ վանական-ուսուցչի գիտելիքների մակարդակից, որն առհասարակ շատ ցածր էր: Աբովյանը հանձնվում է խցային ուսուցման:

Անտոնը չի բավարարվում Աբովյանին հաղորդելով այն  աղքատիկ գիտելիքները, որ ինքն ուներ. նա ամեն կերպ աշխատում է Աբովյանին օգնել՝ շարունակելու իր կրթությունը: Այդ նպատակով նա գրում է Հաշտարխանի թեմակալ Հովհաննես արքեպիսկոպոսին՝ խնդրելով, որ նա հաջողեցնի Աբովյանի ուսումը Հաշտարխանում, որտեղ այդ ժամանակ երկու հայկական դպրոց կար:

12285883_1637498656512215_1390571211_n        Այն բանից հետո, երբ Աբովյանին Հաշտարխան ուղարկելու ծրագիրը, մեզ անհայտ պատճառներով, չի հաջողվում, Անտոնը Աբովյանին սովորելու է ուղարկում Թբիլիսի:

Ճշգրիտ տվյալներ չկան այն մասին, թե Աբովյանը Էջմիածնում ինչ գիտելիքներ է ձեռք բերել. բայց ելնելով այն ժամանակ ապագա հոգևորականներին տրվող գիտելիքների ընդհանուր ուղղությունից, շրջանակից ու մակարդակից, կարելի է ենթադրել, որ Աբովյանը, բացի տարրական գրագիտություն ստանալուց, կարդացել է Սուրբ գիրքը, սովորել է սաղմոսներ, շարականը, Նարեկը, եկեղեցական աղոթքներ, քերականություն և այլն: Չնայած տրվող գիտելիքների այդ աղքատությանը և կրոնական-սխոլաստիկական ուղղությանը՝ Աբովյանը, շնորհիվ իր ընդունակությունների և ջանասիրության, ընթերցասիրության և իսկական գիտելիքներ ձեռք բերելու իր բուռն ձգտման, բավականաչափ տիրապետում է գրաբար լեզվին, ծանոթանում է մի շարք հայ գրողների ու պատմագիրների աշխատություններին: Աբովյանը ունեցել է նաև երաժշտական ակնհայտ շնորհք, հաճելի ձայն և շատ առաջադեմ է եղել երգի մեջ:

Էջմիածնում սովորելիս Աբովյանը նույնպես ենթարկվում էր այն դաժան պատիժներին, որոնք սրբագործված էին: Գերմանացի բանաստեղծ ու ճանապարհորդ Բոդենշտեդի պատմելով՝ Աբովյանը, չդիմանալով դաստիարակության այս վայրագ «մեթոդներին», փախուստի մի քանի փորձեր է անում:

Ուսման տարիներն Էջմիածնում, բնականաբար, Աբովյանի մեջ պետք է զզվանք առաջացնեին դեպի սխոլաստիկական կրթությունը և խոր կարոտ դեպի իսկական, կենդանի գիտելիքները:

19   ԱԲՈՎՅԱՆԻ ՈՒՍՄԱՆ ՏԱՐԻՆԵՐԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ:  1821 թվականին Անտոն եպիսկոպոսը Աբովյանին տեղափոխում է Թբիլիսի՝ հայկական դպրոցում «գիտելիքներն ավարտելու» և ռուսերեն լեզու ուսումնասիրելու համար: Աբովյանն այստեղ մնում է 4 տարի:

1817 թ. Ներսես Աշտարակեցու հրավերով Ղարաբաղից Թբիլիսի է գալիս հայկաբանի հռչակ վայելող Պողոս վարդապետ Ղարաբաղցին: Տափիթաղի եկեղեցու խցում նա կազմակերպում է իր դպրոցը, որը դառնում է 1824թ. բացված Ներսիսյան դպրոցի մի տեսակ նախապատրաստական բաժանմունքը: Խ. Աբովյանը Թբիլիսիում մտնում է Պողոս Ղարաբաղացու դպրոցը: Պողոս վարդապետի դպրոցը իր ոգով, ուսման բովանդակությամբ ու մեթոդներով շատ քչով էր տարբերվում ժամանակի մյուս «խալիֆայական» դպրոցներից: Աբովյանի հետ միասին այստեղ սովորած Ստ. Նազարյանը պատմում է. «Ապովյանը, ինչպես որ մյուս հայազգի պատանյակքը, որոնց մինն էր այս բառերի գրողը, աշխատում էր օր ու ցերեկ, գլուխ ջարդելով Չամչյանի քերականության, Ադոնց Ստեփանոսի ճարտասանության և Թեսավրոսի վերա: Պողոս վարդապետը կարող էր միայն մեքենայաբար ուսուցանել, առանց կենդանացնելու յուր դասատվությունքը հին, մեռյալ հայկաբանության մասին, որ միայնակ ուսանելիքն էր նորա երկաթի վարժապետական գավազանի տակ. և պիտո է  ասել, որ այդ վարժապետը ավելի ծեծ, քան թե ուսում է տվել յուր աշակերտներին»:

1823 թ-ին Աբովյանը գնում է Սանահին (ուր գտնվում էր նրա խնամակալ Անտոն եպիսկոպոսը) և մի քանի ամիս ուսուցչություն է անում:

1824 թ-ի վերջերին բացվում է Ներսիսյան դպրոցը և Աբովյանը նորից գնում է Թբիլիսի ու ընդունվում այստեղ:

Ներսիսյան դպրոցն իր գոյության առաջին տարիներին զգալի չափով ժառանգել էր խալիֆայական դպրոցների ուսման ու դաստիարակության ոգին, բովանդակությունն ու մեթոդները: Բայց դրա հետ մեկտեղ Անդրկովկասում հայերի համար դա առաջին նոր տիպի դպրոց էր: Այստեղ դասավանդում էր Լազարյան ճեմարանից հրավիրված  հայտնի Հարություն Ալամդարյանը, որը, ինչպես հայտնի է, իր ուժերի ներածին չափ, ամեն կերպ աշխատում էր Ներսիսյան դպրոցին տալ ժամանակակից բարեկարգ դպրոցի կերպարանք:

Աբովյանը Ներսիսյան դպրոցում սովորում է ընդամենը 2 տարի: Հաշվի առնելով, որ երրորդ դասարանի  աշակերտներն արդեն Պողոս վարդապետի դպրոցում անցել են հիմնական ավանդական գիտությունները՝ ճարտասանությունը, տրամաբանությունը, քերականությունը և որ այդ աշակերտներն արդեն չափահաս լինելով, հետագայում դպրոցում այլևս առանձին բան չունեն սովորելու, դպրոցի ղեկավարությունը նպատակահարմար է համարում 1825թ-ի վերջերին կազմակերպել հանդիսավոր ավարտական քննություններ՝ հիշյալ աշակերտներին տալով ավարտական վկայականներ: Այդ առաջին 11 շրջանավարտների թվում էր նաև Խ. Աբովյանը:

 

  IMG1     ԱԲՈՎՅԱՆԸ ԴՈՐՊԱՏՈՒՄ:  Ֆ. Պարրոտի հետ համատեղ վերելքի ընթացքում Խ. Աբովյանը հայտնում է բարձրագույն կրթություն ստանալու իր վաղեմի երազանքը:  Պարրոտը խոստանում է իր ուժերի ներածին չափ օժանդակել դրա իրագործմանը: 1830թ-ի ապիրլի 4-ին Պարրոտից ստացվում է երկար սպասված նամակը, որի մեջ Պարրոտը ուրախությամբ հաղորդում  է Աբովյանին, որ իր միջնորդությունը համապատասխան իշխանությունների առաջ հարգված է, և Աբովյանին թույլատրված է 3 տարի պետության հաշվին սովորելու Դորպատում «հօգուտ հայ ժողովրդի կրթության»: 1830 թ-ի սեպտեմբերի 3-ին Աբովյանը ժամանում է Դորպատ: Էստոնական ոչ խոշոր քաղաք Դորպատը (այժմ՝ Տարտու) իր համալսարանով անցյալ դարում զգալի դեր է խաղացել հայերի մշակութային կյանքում: Դորպատի համալսարանի հարյուրամյա գոյության ընթացքում այդտեղ սովորել են շուրջ 80 հայ ուսանողներ: Հայաստանից այստեղ ուսման համար եկած առաջին անձնավորությունը հանդիսացել է Աբովյանը:

Աբովյանը Դորպատում պետք է սովորեր Պարրոտի  կազմած հատուկ ծրագրով: Առաջին դասերը Աբովյանը սկսում է Պարրոտի հետ: Նրանք սկսում են գերմաներեն լեզվի ուսուցմամբ: Եվ ընդամենը հնգամսյա անխոնջ պարապմունքներից հետո,  Աբովյանը յուրացնում է գերմաներենը մայրենի լեզվի պես: Այս ընթացքում Աբովյանը ուսուցանել է  նաև թվաբանություն և աշխարհագրություն:

1831 թ. առաջին տարեկեսին Աբովյանը ուսանում էր հին աշխարհի պատմություն, թվաբանություն, աշխարհագրություն, թվաբանություն և լատիներեն:

Դորպատյան ուսումնառության երկրորդ տարին ևս շարունակվում էին նախկին առարկաները, և ավելանում են նորերը՝ տիեզերագիտություն և լատիներեն:

Աբովյանի ուսումը միայն առանձին առարկաներով չի սահմանափակվում: Պարրոտը հոգ է տանում, որ, դասերին զուգընթաց, Աբովյանը ձեռք բերի նաև մանկավարժական փորձ: Աբովյանը սկսում է հաճախել նաև Դորպատի ուսուցչական սեմինարիա. այստեղ նա պետք է լրացներ է պատմությունից ուսանած գիտելիքների թերին, սովորեր թվաբանություն ավանդելու եղանակները, վարժվեր երգեցողության մեջ և ձեռք բերեր տեսական ու գործնական գիտելիքներ և հմտություն մանկավարժությունից:

Աբովյանի դասացուցակում առաջին մասնագիտական առարկաները, որպես հավելում նախապես հաստատված ծրագրի, երևում են 1832 թ. կեսերից: Պարրոտը ցանկանում էր առաջիկայում ուսանելիք առարկաների հետ նաև Աբովյանին  սովորեցնել վիրաբուժություն: Չնայած որ վերջինս Աբովյանի սրտով չէր, նա ցանկանում էր ավելի լուրջ գիտություններ սովորել: Պարրոտը նրան հայրաբար խրատում է.
«Դուք ջանացեք ուսանել այն ամենը, ինչ անհրաժեշտ են մի ուսուցչի ու մի այնպիսի ժողովրդի համար, ինչպիսին Ձեր ազգն է: Ձեր երախտիքը անմոռաց ու հավիտենական կլինի ձեր ազգի սրտում, եթե տարածեք այն ամենն, ինչ անհրաժեշտ են նրա սկզբնական կրթության  համար, և ձեր ժողովրդի համար պատրաստեք ազնիվ քաղաքացիներ: Մի ազգ լուսավորելն ավելի նախանձելի է և դարեդար՝ անմոռանալի, քան ամեն բան իմանալը»:

1833 թ-ից ավելանում են նոր առարկաներ՝ երկրաչափություն և ֆիզիկա, այնուհետև՝ հանրահաշիվ: 1833թ-ի երկրորդ և 1834թ. առաջին տարեկեսերում Աբովյանը սկսում է ուսանել տրամաբանություն և հոգեբանություն, այդ նպատակով, գրեթե մեկ տարի հաճախելով դասախոսություններին և մասնակցելով գործնական պարապմունքներին: Այս ընթացքում Խ. Աբովյանը սեփական ուժերով  ու մեծ եռանդով շարունակում է պատմության ուսումնառությունը և դասախոսություններ է լսում մարդաբանությունից:

1834թ-ի սկզբներից Աբովյանի դասացուցակում երևում են նոր առարկաներ՝ տնտեսագիտություն և երկրագործություն: Ավելին, նա տեղափոխվում է Ալտկուստհոֆ և տեղի գյուղատնտեսական դպրոցում մի քանի ամիս հմտանում է գործնական պարապմունքների մեջ:

Աբովյանին պատրաստելով հայության համար ուսուցչի ու դաստիարակի կոչման՝ Պարրոտը չէր սահմանափակվում  միայն տեսական առարկաներով, համալսա­րանական դասախոսություններով ու լսարանային փորձերով: Նա անհրաժեշտ էր համարում, որ իր սանը, ինչպես հարկն է,  լրջորեն սովորեր նաև հարկավոր արհեստներ՝ այդ առիթով դիմելով քաղաքի առաջնակարգ վարպետների օգնությանը: Աբովյանի օրագրերից և այլ աղբյուրներից հայտնի է, որ նա սովորել է ապակեգործություն, կազմարարություն, ասեղնագործություն, հացթուխություն, ճակնդեղից շաքար պատրաստելու եղանակը, վիմատպություն և այլն: Աբովյանը առանձնահատուկ հետաքրքրություն էր ցուցաբերում դեպի եվրոպական նոր լեզուները և 1833-1834թթ. ընթացքում, ռուս հայտնի բառարանագիր Վլադիմիր Դալի մոր՝ Յուլյա Դալի օգնությամբ սովորում է ֆրանսերեն և անգլերեն, ինչպես նաև վարժվում դաշնամուրի և երաժշտական այլ գործիքների վրա՝ նվագում, նվագակցում ու երգում:

Դորպատյան կյանքի տարիներին Աբովյանի ներաշխարհը հեղափոխող հզոր գործոններից էին նոր շունչ բերող, ռուսական մեծ գրականությունը՝ Կրիլովը, Դիմիտրովը, Կարամզինը, Ժուկովսկին, ինչպես նաև օտար հեղինակներից՝ Ռուսսոն, «Գրոհի և փոթորկի» շրջանի պոետները՝  Շիլլերը, Գյոթեն, Հերդերը, որոնք դարձան Աբովյանի սիրելի հեղինակները:

1834թ. մայիսին, գրեթե ամբողջությամբ, իրականացված էր այն ծրագիրը, որ կազմված էր Աբովյանի քառամյա ուսման համար: Նա ավարտել ու սովորել էր գրեթե այն բոլոր գիտություններն ու արհեստները, որոնք անհրաժեշտ էին հայ ժողովրդի հոգևոր ու տնտեսական կյանքը վերափոխողին, ինչպիսին Աբովյանն  էր: Աբովյանի ուսումնասիրած առարկաներն էին՝  փիլիսոփայություն, եվրոպական գրականություն, համաշխարհային պատմություն, աշխարհագրություն, մաթեմատիկա, տիեզերա­գիտություն, աստղագիտություն, երկրաչափություն, բուսաբանություն, ֆիզիկա, տրամաբանություն, հոգեբանություն, մարդաբանություն, երկրագործություն, երաժշ­տություն, երգ, գերմաներեն, լատիներեն, ֆրանսերեն և անգլերեն:

Այս ամենը պետք է վավերացվեր համապատասխան վկայագրերով: 1834թ-ի մայիսի 2-ին, Աբովյանը դիմում է համալսարանի դպրոցական հանձնաժողովին և խնդրում մասնավոր ուսուցման իրավունքի համար քննություն վերցնել իրենից:  Աբովյանը փայլուն կերպով հանձնում է քննությունները և համալսարանի վարչությունը տալիս է պատշաճ վկայական:  Սակայն Աբովյանը հայրենիք վերադառնալ չէր շտապում: Շուրջ  մեկ տարի ու կես նա դեռ սպասում էր Դորպատում: Աբովյանի բնավորությանը խորթ էր ձեռքերը ծալած նստելը: Այս ժամանակամիջոցը նա օգտագործում է նոր առարկաների ու արվեստների ուսումնասիրության համար և կատարելագործվում արդեն սկսածների մեջ: Նա շատ ժամանակ է հատկացնում երգին ու երաժշտությանը՝ տեսական ու գործնական առումով: Վերստին ուսումնասիրում ու խորանում է աստղագիտության մեջ, դասախոսություններ է լսում քիմիայի հիմունքների վերաբերյալ:

1836թ-ի հունվարի կեսերին Աբովյանը բռնում է վերադարձի ճանապարհը՝ իր գիտելիքները, փորձն ու հմտությունը հայրենի ժողովրդի լուսավորությանը, հոգևոր ու տնտեսական կյանքի վերափոխմանը գործադրելու, հայրենակիցների շրջանում ապրելու և աշխատելու համար: