ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՌՈՏ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1805

Քանաքեռ գյուղում ծնվեց ապագա Մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը:

 

1814

Հայրը Խաչատուրին տանում է Էջմիածին և հանձնում Եփրեմ կաթողիկոսին՝ կրթելու, դաստիարակելու և նախապատրաստելու հոգևոր կոչման: Այստեղ մնում է շուրջ վեց տարի:

1822

Դառնում է Անտոն Մուղնեցի արքեպիսկոպոսի փոքրավորը և նրա հրավերով Էջմիածնից գալիս է Հաղբատի վանք:

1823

Անտոն Մուղնեցին Խաչատուրին տանում է Տփղիս և կրթության տալիս Պողոս վարդապետ Ղարադաղցուն, որն աշակերտներ էր հավաքում Ներսիսյան դպրոցի համար:

Գնում է Սանահին, որտեղ գտնվում էր նրա խնամակալ Անտոն եպիսկոպոսը և մի քանի ամիս ուսուցչություն է անում:

1824

Փետրվարի 9-Գրում է «Սրբաճեմ ոտից տեառն գթութեանց…» բառերով սկսվող մի հանգավոր նամակ և ուղարկում Անտոն Մուղնեցուն, որն այդ ժամանակ շրջագայում էր Եվդոկիայի և Տիգրանակերտի գավառների հայաբնակ գյուղերում: Դա Աբովյանի մինչ այժմ ծանոթ ամենավաղ, թվակիր ստեղծագործությունն է:

Ամառ-Այցելում է հայրենիք, գրում «Կարօտութիւն նախնի վայելչութեանց հայրենեաց իմոց» բանաստեղծությունը:

Ծանոթանում է Մխիթար Աբբայի, Սիմեոն Երևանցու, Ղուկաս Վանանդեցու գործունեությանը և վճռում նրանց օրինակով նվիրվել հայ մանուկների լուսավորության գործին:

Դեկտեմբերի 1- Ընդունվում է Թիֆլիսի նորաբաց Ներսիսյան դպրոցը:

1826

Ավարտում է Ներսիսյան դպրոցը:

Ամեն կերպ փորձում է ուսումը շարունակել Մոսկվայի Լազարյան ճեմարանում, սակայն չի հաջողվում:

Հուլիսի 8-12-ը – Հաղբատի վանքում ստանում է Եփրեմ կաթողիկոսի թույլտվությունը ուղևորվելու Վենետիկ՝ ուսումը շարունակելու: Հուլիսի 13-14-ի գիշերը ճանապարհ է ընկնում, բայց չհասած Ղարաքիլիսա՝ արգելափակվում է այստեղ: 16-ին սկսվում է ռուս-պարսկական երկրորդ պատերազմը:

Եռամսյա թափառումներից հետո վերադառնում է Հաղբատի վանք, մասնակցում տեղացիների ինքնապաշտպանական  կռիվներին:

1827

Հունիս-սեպտեմբեր-Որոշ ժամանակով հեռանում է Թելավի կողմերը, թերևս ուսման համար Մոսկվա մեկնելու, բայց նորից անհաջողության է հանդիպում:

Սեպտեմբեր, վերջեր-Կրկին վերադառնում է Հաղբատի վանք:

Հոկտեմբեր– Խանդավառված Երևանի բերդի գրավման ու Հայաստանի ազատագրության լուրերով՝ գրում է «Նոր ի՞նչ են այս ցոյցք մերս Հայաստանի…» բանաստեղծությունը:

Հոկտեմբերի 10-Մտնում է Սանահնի միաբանության մեջ և վանական դպրոցում կարգվում ուսուցիչ:

  • Փորձում է ինքնուրույն սովորել ֆրանսերեն:

 

1828

 

Մարտի 18-Անտոն Մուղնեցին դիմում է Ռուսաստանի հայոց առաջնորդին՝ խնդրելով աջակցել իր հոգեզավակ Խաչատուր Քանաքեռցուն՝ ուսանելու Լազարյան ճեմարանում, սակայն խուսափողական պատասխան է ստանում:

 

Ապրիլի 8- Դադարեցնում է ուսուցչությունը Սանահնի վանքում և վերադառնում Հաղբատ:

 

Ապրիլ, վերջեր-Վերադառնում է Էջմիածնի վանք, շարունակում է ծառայել Անտոն  Մուղնեցուն՝ միաժամանակ հայկաբանություն և ռուսաց լեզու սովորեցնել մի քանի ընդունակ պատանիների:

 

Աշուն-Անտոն Մուղնեցին խոստանում է իր միջոցներով Աբովյանին ուսման ուղարկել Մոսկվա կամ Պետերբուրգ, բայց վերահաս մահը արգելառիթ է դառնում:

 

Հոկտեմբեր-Ծառայության է անցնում Եփրեմ Մարզավանցու մոտ, որից և ստանում է կիսասարկավագության չորս աստիճան:

 

1828/29

 

-Հորինում է տասնմեկ տաղ՝ եղանակների համար օգտագործելով ուշ միջնադարի բանաստեղծների՝ Պաղտասար Դպրի, Պետրոս Ղափանցու, Պետրոս Բերդումյանի և Սիմեոն Երևանցու առանձին երգեր:

 

1829

 

Առաջին կես- Աբովյանը, Հովհաննես Շահխաթունյանցը, Մանվել Կյումուշխանեցին, Մսեր Մսերյանցը և մի քանի համախոհ անձինք որոշում են Սևանա կղզում հիմնել հոգևոր միաբանություն և բաց անելով դպրոց, մատենադարան ու տպարան՝ ծավալել լուսավորչական գործունեություն:

 

Ապրիլ– Կարգվում է Սինոդի և կաթողիկոսի քարտուղար ու թարգման:

 

Հունիս-հուլիս- Վարակվում է ժանտախտով և մեկ ամիս կենաց ու մահու կռիվ տալով՝ կարծես նախախնամության հատուկ ողորմածությամբ փրկվում է մահից, որ իրականացնի իր մեծ նպատակը՝ հայ ժողովրդի հոգևոր վերածնունդը:

 

Սեպտեմբերի 8- Էջմիածին է ժամանում Դորպատի համալսարանի արշավախումբը պրոֆեսոր Ֆ. Պարրոտի ղեկավարությամբ. երկու օր անց նրանք Խ. Աբովյանի ուղեկցությամբ դիմում են դեպի Արարատ՝ լեռան գագաթը բարձրանալու:

 

Սեպտեմբերի 27- Ցերեկվա ժամը 3-ից քառորդ անց Աբովյանն ու Պարրոտը բարձրանում են Արարատի գագաթը: Ի նշանավորումն գիտական այդ մեծ սխրանքի՝ Ֆ. Պարրոտը խոստանում է աջակցել Աբովյանին Դորպատի համալսարանում բարձրագույն կրթություն ստանալու:

 

Հոկտեմբերի 27– Պարրոտի հետ բարձրանում է Փոքր Մասիսի գագաթը:

 

Դեկտեմբերի 5- Թողնում է վանական ծառայությունը և ուղևորվում Տփղիս՝ Պարրոտին հասնելու և նրա հետ Դորպատ մեկնելու: Ժանտախտի պատճառով Գյումրի հասնելուց հետո 74 օր մնում է արգելափակման մեջ:

 

1830

 

Փետրվար– Ժամանում է Տփղիս:

Մարտի 22– Կայսրն ընթերցելով հանրային կրթության նախարարի զեկուցագիրը՝ համաձայնում է, որ դպիր Աբովյանը երեք տարի ժամկետով ու պետական թոշակով կրթվի Դորպատի համալսարանում՝ ի պետս հայ ժողովրդի:

 

Մայիսի 6- Տփղիսից վերադառնում է Էջմածին ու Քանաքեռ՝ հարազատներին հրաժեշտ տալու և Դորպատ ուղևորվելու:

 

Սեպտեմբերի 3– Ժամանում է Դորպատ:

 

Սեպտեմբերի 10– Սկսվում է Աբովյանի ուսումնառությունը՝ ըստ Ֆ. Պարրոտի կազմած հատուկ ծրագրի (սկզբում սովորում է գերմաներեն, այնուհետև՝ թվաբանություն, աշխարհագրություն, պատմություն):

 

 

1831

 Մայիս-հունիս– Անցկացնում է Ֆրիդրիխսհոֆում, ընկերոջ՝ Մ. Բեհագելի հարազատների շրջանում  (Դորպատից 50կմ հարավ-արևմուտք):

 

Երկրորդ տարեկես-Սկսում է ուսանել տիեզերագիտություն, շարունակում է թվաբանությունն ու պատմությունը: Հաճախում է Դորպատի ուսուցչական սեմինարիա:

 

1832

 

Ապրիլ 2- Նամակ Հովհաննես Կարբեցուն: Շարադրում է լուսավորության դերի և հայության հոգևոր կյանքը վերափոխելու ուղիների մասին իր տեսակետները:

 

Մայիսի 27- Երկրորդ անգամ ուղևորվում է Ֆրիդրիխսհոֆ: Հմայվում է Շեքսպիրի փիլիսոփայական բանաստեղծություններով:

 Հունիս-հուլիս- Ուղևորություն դեպի Կուրլանդական Պոնիմուն կալվածքը, ընկերոջ՝ Թ. Գրասի հետ: Լինում է նաև Ռիգայում ու Միտավայում:

 

1833

 

Մայիսի10-Երկրորդ ուղևորությունը դեպի Պոնիմուն:

 

Հունիսի 27-Ֆ.Պարրոտի ջանքերի շնորհիվ Աբովյանի ուսման ժամկետը երկարաձգվում է մի տարով ևս:

 

Երկրորդ տարեկես- Ուսանում է ֆիզիկա, շարունակում է թվաբանությունը և լատիներենը: Համալսարանում լսում է պրոֆեսոր Եշեի դասախոսությունները՝ հոգեբանության, փիլիսոփայության և տրամաբանության մասին, մասնակցում գործնական պարապմունքներին (նույնը նաև 1834թ.1-ին տարեկեսում):

 

Հոկտեմբեր 14-Տիկին Յուլյա Դալից սկսում է ֆրանսերենի դասեր առնել: Ավելի վաղ նրա մոտ պարապել էր նաև անգլերեն:

1834

 

Փետրվար 22– Պրոֆ. Շմալցի ղեկավարությամբ սկսում է ուսանել գործնական տնտեսագիտություն, «տնային կառավարություն» և  «երկրագործություն», իսկ գարնանը տեղափոխվում է Ալտ-Կուստհոֆ՝ տեղի գյուղատնտեսական դպրոցում ու փորձադաշտերում շարունակելու այդ գիտությունների յուրացումը:

 

Մարտ– Տիկին Յուլյա Դալի տանը, նրա օգնությամբ սովորում է դաշնամուր նվագել:

 

 Մայիսի 30– Դորպատյան ուսումնառությունն ավարտելու կապակցությամբ, հատուկ հանձնաժողովի առջև հանձնում է քննություն և ստանում մասնավոր ուսուցման իրավունք (պատմություն, աշխարհագրությւոն, թվաբանություն, երկրաչափություն, բնագիտություն, ռուսերեն, գերմաներեն, լատիներեն):

 

Հունիսի 3- Փայլուն կերպով հանձնում է փիլիսոփայության, հոգեբանության և տրամաբանության քնությունները պրոֆ. Եշեին:

 

Հունիսի 10– Ալտ-Կուստհոֆից Ներսես Աշտարակեցուն հղած նամակում պարզաբանում է իր ապագա դիտավորությունները. վերադարձից հետո ցանկանում է հիմնել երեք կարգի դպրոց՝ քահանաներ, ուսուցիչներ, արհեստի, արդյունագործության ու գյուղատնտեսության մասնագետներ և մտավոր աշխատանքի մարդիկ պատրաստելու համար:

 Մտորում է հայ եկեղեցական երգեցողությունը կանոնավորելու մասին և փորձում սեփական կատարմամբ տեղական երաժիշտներին ձայնագրել ու մշակել տալ հայկական շարականները:

 

Նոյեմբերի 27- Ստանում է հոր մահվան լուրը:

 

Դեկտեմբերի 14- Ուղևորվում է Պետերբուրգ՝ իր ապագայի հետ կապված հարցերը պարզելու և Վենետիկ ուղևորվելու համար պետությունից միջոցներ խնդրելու:

 

 1835

 

Հունվար- Հրապարակային ելույթ է ունենում Պետերբուրգում՝ շարադրելով հայ ժողովրդի լուսավորության իր ծրագրերը:

 

-Ծանոթանում է ակադեմիկոս Քրիստիան Ֆրենի հետ:

 

Փետրվար– Վերադառնում է Դորպատ:

 

Մարտ-ապրիլ– Գրում է գերմաներեն ընդարձակ ուսումնասիրություն հայոց կենցաղի ու սովորությունների  մասին՝ զուգակցելով դրանց իր մանկապատանեկան հուշերը:

 

Հունիս- Սկսում է գրի առնել համալսարանի քիմիական փորձարանի վարիչ Կլաուսի դասախոսությունները քիմիայի հիմունքների վերաբերյալ:

 

Սեպտեմբեր- Լսում է երաժշտության վերաբերյալ դասախոսություններ:

 

 1836

 

Հունվար- Թողնում է Դորպատը և բռնում վերադարձի ճանապարհը:

 

Փետրվար-ապրիլ-Անցկացնում է Մոսկվայում:

 

Մարտ-Գրում և կառավարությանն է ներկայացնում ընդարձակ նախագիծ Հայաստանի և Անդրկովկասի տնտեսական ու հոգևոր կյանքը վերափոխելու միջոցառումների վերաբերյալ՝ նպատակահարմար գտնելով Քանաքեռում հիմնել մանկավարժական ինստիտուտ:

 

Մարտ-ապրիլ-Գործակցում է Բնախույզների մոսկովյան կայսերական ընկերությանը, ընտրվում թղթակից անդամ:

 

Հունիսի սկզիբ-Ժամանում է Պյատիգորսկ, հանդիպումներ ունենում լեզվաբան, ակադեմիկոս Շյոգրենի հետ:

 

 Հունիս-Ժամանում է Տփղիս: Հանդիպում է կաթողիկոս Հովհաննես Կարբեցուն. վերջինս  մերժում է նրա կրթական ծրագիրը:

 

Հուլիս-Հարկադիր վճիռ է կայացնում պետական ծառայության մտնելու, որ ձգձգվում է շուրջ յոթ ամիս:

 

Աշուն– Մի կարճ ժամանակ ուսուցչություն է անում Ներսիսյան դպրոցում:

 

 1837

 

Փետրվար 12-Նշանակվում է Տփղիսի գավառական դպրոցի տեսուչ և ուսուցիչ:

 

1838

 

Մայիսի 26-հունիսի 11– Սենատոր Պ. Հանի ու նրա կնոջ հետ շրջագայության է մեկնում Հայաստան: Տպավորությունները վերարտադրել է «Առ բարեսնունդ և սիրելի աշակերտս իմ» ակնարկում:

 

Հունիս-Էջմիածնում խնդրում է Հովհաննես Կարբեցուն՝ թույլ տալ գործելու հօգուտ հոգևորականության կրթության, սակայն մերժում է ստանում:

 

Օգոստոս-Կազմում է թվաբանության խնդրագիրք՝ Տփղիսի գավառական դպրոցի աշակերտության համար:

 

Սեպտեմբեր- Նշանվում է ռևելցի օրիորդ Էմիլիե Լոոզեի հետ:

 

Աշուն-Ավարտում է «Նախաշավիղը» և տարվա վերջին ներկայացնում  Անդրկովկասյան դպրոցների վերատեսչությանը՝ հրատարակելու: Տպագրությունն ընդհատվում է վերատեսչի բանտարկության պատճառով:

 

Հոկտեմբերի 1– Բացում է մասնավոր դպրոց:

1839

 

Առաջին կես-Զբաղվում է իր աշխատությունների տպագրման  համար միջոցներ հայթայթելու խնդրով:

 

Հունվարի 23-Համաձայն իր խնդրագրի՝ Էջմիածնի Սինոդի որոշմամբ՝ Աբովյանը արձակվում  է հոգևոր կոչումից:

 

Սեպտեմբեր-Ավարտում է «Նոր տեսական և գործնական քերականություն ռուսաց վասն հայոց» ձեռնարկը:

 

 Սեպտեմբերի 14-Ամուսնանում է Է. Լոոզեի հետ:

 

Դեկտեմբեր-«Նախաշավիղը» և «Նոր տեսական և գործնական քերականություն ռուսաց վասն հայոց» ձեռնարկը ուղարկվում են Պետերբուրգ, հանրային կրթության մինիստրություն՝ տպագրման թույտվություն ստանալու և Կազանի համալսարանի հայոց լեզվի ամբիոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու:

 

1840

 

Մայիսի 13-Ակադ. Բրոսսեն կայսերական ակադեմիային է ներկայացնում կարծիք Աբովյանի դասագրքերի մասին և աննպատակահարմար գտնում ինչպես նրան ամբիոն վստահելը, այնպես էլ աշխարհաբարը դպրոցական լեզու դարձնելը:

 

Մայիսի 31-Ծնվում է որդին՝ Վարդան-Մորիցը:

-Ավարտում է «Նախաշավիղի» առաջին մասի նոր խմագրությունը և երկրորդ մասը՝ քերականությունը:

-Գրում է հայոց հոգևոր և ժողովրդական երաժշտության մասին հոդված և ուղարկում ռուսական ակադեմիային:

 

Վերջեր-Տառապում է երկարատև, ծանր հիվանդությամբ, որ շարունակվում է մինչև 1841թ. հունվարի առաջին կեսը:

 

1841

Փետրվար-Նվիրվում է «Վերք Հայաստանի, Ողբ հայրենասերի» պատմական վեպի ստեղծմանը:

Մարտ-Ստանում է սիրելի դաստիարակի՝ Ֆ.Պարրոտի մահվան լուրը:

 

Աշուն– Կազմում է «Պարապ վախտի խաղալիք» ժողովածուն:

 

1842

Դեկտեմբերի 31-Փակում է մասնավոր դպրոցը և աշակերտներին տեղավորում գավառական դպրոցի բարձր դասարաններում:

 

1843

Հունվարի 9-Ստանում է տիտղոսավոր խորհրդականի աստիճան:

 

Ապրիլ- Գավառական դպրոց է այցելում Մյունխենի համալսարանի պրոֆեսոր բնախույզ-գիտնական Մորից Վագները և հիացմունքով ունկնդրում Աբովյանի մասնավոր աշակերտներին:

 

Ապրիլի 29- Այսրկովկասի գլխավոր կառավարչի կարգադրությամբ և Մ. Վագների խնդրանքով՝ ուղեկցում է վերջինիս դեպի Հայասատան և աջակցում նրա բնապատմական ուսումնասիրություններին: Լինում են Արարատի և Արագածի վրա: Տփղիս է վերադառնում մայիսի վերջերին:

 

Հունիսի 11– Խնդրում է դպրոցների վերատեսչությանը՝ ազատել իրեն Տփղիսի գավառական դպրոցի տեսչի պարտականություններից և փոխադրել Երևան:

 

Հունիսի 19-Նշանակվում է Երևանի գավառական դպրոցի տեսուչ և ուսուցիչ:

 

Հուլիսի 11-օգոստոսի 3-Հանդիպումներ է ունենում Պրագայի համալսարանի պրոֆեսոր, բուսաբան Ֆ. Կոլենատիի հետ:

 

Հուլիսի 25- Ծնվում է դուստրը՝ Զարմանդուխտ Աբովյանը:

 

Օգոստոսի 24-29– Ուղեկցում է տնտեսագետ Աուգուստ Հաքստհաուզենին երևանյան գավառում և անգնահատելի օգնություն ցույց տալիս նրա տնտեսագիտական-ազգագրական ուսումնասիրություններին:

 

 

1844

Հունվար-Գրում է դիտողություններ Այսրկովկասյան դպրոցներում ուսման վիճակը բարվոքելու վերաբերյալ, որը Տփղիս է առաքում դպրոցի տարեկան հաշվետվության հետ:

 

Փետրվար-մարտ– Աշակերտներին գյուղատնտեսության հիմունքները սովորեցնելու համար դպրոցին կից հիմնում է փորձադաշտ, տնկում այգի, որին աջակցում են նաև երևանցիները:

 

Մարտի 23-27- Հանդիպումներ է ունենում գերմանացի բանաստեղծ Ֆրիդրիխ Բոդենշտեդի և արևելագետ Գեորգ Ռոզենի հետ, ուղեկցում նրանց Էջմիածին: Գերմանիայում հրատարակելու համար թարգմանում է Քեշիշ-օղլու թուրքերեն երգերը:

 

Մարտի 24- Ստանում է Անդրկովկասի գլխավոր կառավարչի և դպրոցական բարձր իշխանությունների կարգադրությունը՝ պրոֆ. Հերման Աբիխի երկրաբանական հետազոտություններին օժանդակելու համար անհապաղ մեկնել Տփղիս:

 

Ապրիլի 11-Ժամանում է Տփղիս և 28-ին վերադառնալով Երևան՝ մինչև սեպտեմբերի 28-ը ուղեկցում է Հ. Աբիխին՝ նրա հետ շրջագայելով պատմական Հայաստանում: Վերելքի երեք ձախողված փորձ են կատարում դեպի Մեծ Մասիսի գագաթը, երկու անգամ բարձրանում Փոքր Մասիսի գագաթը:

 

Ապրիլ, կեսեր- Լայպցիգի համալսարանի պրոֆեսոր Կարլ Կոխին հաղորդում է հարուստ տվյալներ հայոց ազգային կերակուրների և երաժշտական գործիքների մասին:

 

1845

Փետրվար– Նամակ Ներսես Աշտարակեցուն. որոշում է վերստին հոգևոր աստիճան ընդունել և վանական միջավայրում գործել հօգուտ ազգի հոգևոր վերածնության:

 

Մարտ-Հայաստանի տնտեսական կյանքին զարկ տալու նպատակով որոշում է փորձարկել առևտրի ու արդյունագործության տեսակետից կարևոր մի քանի մշակույթներ՝ ամերիկյան և եգիպտական բամբակ ու ծխախոտ, քրքում, ինդիգո, զանազան ծառատեսակներ:

 

Ապրիլի 14- Հօգուտ Ի.Ա.Կռիլովի հուշարձանի կառուցման՝ նվիրաբերում է պատշաճ գումար:

 

-Տարվա ընթացքում կատարում է օդերևութաբանական դիտարկումներ:

 

1846

Մայիս-Աշակերտների հետ ներկայանում է Ներսես Աշտարակեցուն: Վեհափառը խոստանում է ընդունակներին ուղարկել Գերմանիա՝ բարձրագույն կրթություն ստանալու:

 

Սեպտեմբեր-Շրջագայություններ անգլիացի ճանապարհորդ Հենրի Դեմբի Սեյմուրի հետ: 18-ին միասին բարձրանում են Արարատի գագաթը:

 

Հոկտեմբեր-Շրջագայություններ ռուս գրող և պատմաբան Ա.Ն.Մուրավյովի հետ:

 

-Գրում է պատմական ակնարկներ Հին Հայաստանի մայրաքաղաքների մասին:

 

Դեկտեմբեր-Ստանում է կոլեգիական ասեսորի աստիճան:

 

1847

Հունիս-Նախապես թույլտվություն ստանալով՝ ուղևորվում է Տփղիս՝ մտադրություն ունենալով այնուհետև աշակերտների հետ մեկնել Պետերբուրգ ու Դորպատ, իսկ վերադարձին ընդմիշտ հաստատվել Տփղիսում: Այսրկովկասում մոլեգնող ժանտախտը ձախողում է այդ ծրագիրը:

 

Հուլիս-օգոստոս- Խնդրում է Կովկասի փոխարքային իր աշակերտներից մի քանիսին ընդունել Նուխու մետաքսամանական գործարանին կից դպրոցը՝ հետագայում արհեստագործության այդ ճյուղը Հայաստանում զարգացնելու համար:

 

Ամառ-Մահանում է մայրը՝ Թագուհին:

 

Սեպտեմբեր-Վերադառնում է Երևան:

 

Հոկտեմբեր-Ութօրյա ուղևորություն դեպի Անիի ավերակները:

 

Դեկտեմբեր- Ծանր հիվանդանում է և հազիվ փրկվում մահից:

 

1848

Հունվարի 5-Ժամանում է Տփղիս:

Հունվար 11-Ինքնակամ պաշտոնատեղին թողնելու համար արժանանում է իշխանավորների նկատողությանը:

Հունվարի 19- Չհանդուրժելով այլևս դպրոցական իշխանավորների անհիմն կշտամբանքները՝ հրաժարական է տալիս, որը չի ընդունվում:

Փետրվարի 21-Ներսես Աշտարակեցին Աբովյանին շտապ հրավիրում է Տփղիս՝ առաջիկայում բացվելիք Ներսիսյան ուսումնարանի տեսչությունը ստանձնելու համար:

Մարտի 3- Ներսես Աշտարակեցին խնդրում է Անդրկովկասի ուսումնական մասի կառավարիչ Սեմյոնովին՝ ազատել Աբովյանին ուսուցչությունից և ուղարկել իր տրամադրության տակ:

 

Մարտ–Տեղեկանում է, որ ազատվել է Երևանի գավառական ուսումնարանի տեսչի պաշտոնից: Սկսում է դպրոցը հանձնել իր փոխարինողին:

 

Ապրիլի 2, լուսաբացին-Տանից դուրս է գալիս և այլևս չի վերադառնում: