Անհայտացում

1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմի հետևանքով սկսվեց հայերի զանգվածային արտագաղթ, և շուրջ 90000 հայեր հարկադրված լքեցին իրենց հայրենիքը:
Ժամանակի ցարական չինովնիկության հակահայկական քաղաքականությունը չէր կարող ազատամիտ Աբովյանի վրա իր բացասական ազդեցությունը չունենալ:

Շատ կարևոր է, թե պատմական այդ ժամանակաշրջանում ինչպես էին ձևավորվում Աբովյանի հասարակական-քաղաքական հայացքները: Ռուսաստանի նկատմամբ խանդավառ վերաբերմունք ունեցող Աբովյանի մոտ առաջացան գաղափարական շրջադարձի բոլոր նախադրյալները՝ ձախողվեցին կրթական-լուսավորչական ծրագրերը և, ընդհանրապես, չիրականացան սեփական  պետականությունը վերականգնելու հայ ժողովրդի բոլոր ձգտումները: Ցարիզմի հայահալած քաղաքականության դեմ ընդվզելու արդյունքը՝ 1848թ. ապրիլի 2-ին մեծ լուսավորչի առեղծվածային անհայտացումն էր, որի ստույգ մանրամասները առ այսօր թաղված են թանձր խավարի մեջ:

Ա. Բակունցի տեսակետով, Աբովյանը գնացել է 1848թ. եվրոպական հեղափոխություններին մասնակցելու:

Ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանը կարծում էր, որ նա ինքնասպանություն է գործել:

Պիոն Հակոբյանը ևս  հակված էր Աբովյանի ինքնասպանության կամ ծպտյալ ինչ-որ տեղ ապրած լինելու վարկածին:

Պատմական գիտությունների թեկնածու Վ. Ավետյանը համոզում է, որ Աբովյանը սպանվել է իր պարտապան թուրքերի ձեռքով:

Ժողովրդի մեջ տարածված էր նաև ինքնասպանության վարկածը:

Բազմաթիվ վարկածներից մեկն էլ Աբովյանի Սիբիր աքսորվելու վարկածն է, որը պնդում էր պատմաբան Վլադիմիր Ղազարյանը:

Խ. Աբովյանի Սիբիր աքսորվելու հավանականության մասին մի այլ փաստարկ է բերում Ս. Էջմիածնի ճեմարանի ուսուցիչ Ստեփան Կանայանցը: Նա պատմում է, որ Գերմանիայում, իր ուսումնառության տարիներին, Աստրախանի իր ընկերոջից 1983թ. ստացել է մի նամակ, որը հայտնում էր, որ ռուս գրող Ն. Չերնիշևսկին Աստրախանում  պատմել է հայերին, թե ինքը Սիբիրում աքսորված ժամանակ տեսել է հայ Խաչատուր Աբովյանին:

Այսօրվա մեր խնդիրը չէ՝ բացահայտել Խ. Աբովյանի անհայտացման առեղծվածը, այլ դրա փոխարեն պետք է ի հայտ բերենք, լրացնենք Աբովյանի մասին դեռևս պակաս ասվածը, մեծ լուսավորչի կյանքն ու գործը լիարժեք փոխանցենք սերունդներին: