Տոհմատուն

IMG_0011   Տունը, որտեղ 1805 թվականին ծնվել է Խաչատուր Աբովյանը,  18-րդ դարի երկրորդ կեսին կառուցել է մեծ Աբովի թոռը՝ Պարոն Աբովը՝  Խաչատուր Աբովյանի պապը: Ակնհայտ է, որ Աբովենց տոհմական տունը ենթարկվել է ձևափոխումների, բայց հիմնականում պահպանվել է այն տեսքով, ինչպիսին եղել է 200 տարի առաջ: Այն բաղկացած է չորս հարկաբաժիններից՝ թոնրատուն, մառան, հյուրասենյակ և պատշգամբ:

Աբովենց տունը հյուրընկալ օջախ է եղել հայազգի և օտար մարդկանց համար, որոնք առիթ են ունեցել այցելել Քանաքեռ: Այստեղ հանգրվանել են հոգևոր և աշխարհիկ աստի­ճա­նավորներ, կաթողիկոսներ և խաներ: Այցելուների թվում եղել են տարբեր երկրների բնախույզներ, հնէաբան-պատմաբաններ և լեզվագետներ, այդ թվում՝ Ֆրիդրիխ Պարրոտը, Ֆրիդրիխ Բոդենշտեդը, Կարլ Կոխը, Հերման Աբիխը, Ավգուստ Հաքստ­հաուզենը և շատ ուրիշներ: