Պատմավեպ

Աբովյանի գրական նորարարությունը առավելագույնս դրսևորվեց վեպի ժանրում: «Վերք Հայաստանի» վեպը դարձավ Աբովյանի ստեղծագործության յուրօրինակ հանրագումարը, որով սկիզբ դրվեց հայ նոր գրականությանը: Աղասու մասին գրելու շուրջ Աբովյանը մտածում էր դեռևս դորպատյան տարիներին, սակայն դեռ պարզ չէր ժանրային նկարագիրը: Երկարատև մտորումներից հետո Աբովյանը ընտրում է  վեպի ժանրը, որով էլ ստեղծում է իր գլուխգործոցը: «Վերք Հայաստանի»ն առաջին հայ ազգայինպատմական վեպն է, որտեղ հեղինակը պատկերել է մի ամբողջ պատմական ժամանակաշրջանի՝ 19-րդ դարի առաջին քառորդի իրադարձությունները, նկարագրել այդ ժամանակաշրջանի իր հարազատ ժողովրդի կյանքի պատմությունը: «Վերք Հայաստան»ին իր մեջ պարունակում է նաև Ռուսաստանի տիրապետության օրոք հայ ժողովրդի ապագա կյանքի հետ կապված որոշակի քաղաքական  ու լուսավորչական ծրագրեր: Աբովյանը ցանկանում էր հայ ժողովրդին բերել ինքնաճանաչման, նրան, ինչպես նաև օտարներին ծանոթացնել հայոց պատմության հետ, ցույց տալ, թե որտեղի՞ց են եկել հայերը, ի՞նչ անցյալ, ի՞նչ ազգային հերոսներ, հոգևոր ու նյութական գանձեր են ունեցել և այդ ամենով ոգեշնչել հայրենակիցներին՝ արթնացնելով նրանց մեջ ազգային արժանապատվության զգացումը: Եվ բնական է, որ այդպիսի լայնածավալ ծրագրերի իրագործման համար կարող էր ծառայել միայն վեպի ժանրը: Այդ ծրագրերի մեջ Աբովյանը մեծ կարևորություն է տվել նաև գրականության թեմատիկայի և լեզվի ժողովրդականացման խնդիրներին, որոնք էլ նա առաջադրեց և հաջողությամբ իրագործեց իր վեպում:

«Վերք Հայաստան»ին սոսկ գեղարվեստական բնույթի գործ չէր Աբովյանի համար. վեպում նա պատկերել է հայ ժողովրդի հասարակական, քաղաքական, տնտեսական, սոցիալական ու բարոյական վերքերը, որոնք դարեր շարունակ սպիացած էին հայ ժողովրդի սրտին: Այդ վեպը նաև ողբ էր Աղասու և նրա նման հերոսների համար, նրանց կատարած հերոսական սխրանքների ներբողը: Այդ պատճառով էլ Աբովյանն իր վեպը անվանել է «Վերք Հայաստանի, ողբ հայրենասերի»:

«Վերք Հայաստանի» վեպը անկրկնելի երևույթ է հայ գրականության մեջ. այն իր մեջ համադրում է արդիականպատմական վեպի կարևորագույն տարրերը՝ ամփոփված  արևելյան և եվրոպական գրական ուղղությունների բաղադրիչներով և համեմված խոհափիլիսոփայական նրբերանգներով: Իր վեպին անդրադառնալով՝ Աբովյանը հետևյալ կերպ է բացատրում նրա բնույթը՝ համարելով այն ժողովրդական վեպ՝ գրված ժողովրդին հասկանալի լեզվով. «Աղասուն ես անպայման ցանկանում էի մշակել իբրև ժողովրդական վեպ,-գրում է Աբովյանը,-որպեսզի դրանով օտարներին ևս ծանոթացնեի ժամանակակից հայ ազգության հետ: Ինձ համար այնքան հիշարժան 1841թ. բարեկենդանին սկսեցի իմ պատմությունը այն ձևով, կարծես, մի հայ գյուղացի պատմելիս լիներ իր հարևանին»: Այստեղից էլ ահա պարզ է դառնում Աբովյանի ընտրած վիպական ձևը, պարզ, աշխարհաբար լեզուն, ժողովրդական մտածողությանը հարազատ նկարագրություններն ու խորհրդածությունները:

«Վերք Հայաստանի» վեպը դարձավ այն հզոր ակունքը, որի հետ կապվեցին հայ նոր գրականության շատ արժեքներ: Այն ազդակ հանդիսացավ ինչպես մեր ռոմանտիկ գրողների՝ Պատկանյանի, Րաֆֆիի, Մուրացանի, այնպես էլ ռեալիստական ուղղության գրողների՝ Պռոշյանի, Աղայանի, Թումանյանի, Իսահակյանի և այլոց համար: «Վերք Հայաստանին» և՛ իր ժանրային նկարագրով ու արտահայտած գաղափարների բնույթով, և՛ զգացմունքների անմիջականությամբ ու դրանց ներգործության մեծ ուժով  եզակի ու անկրկնելի երևույթ է, որին վիճակված էր դառնալ հայ ժողովրդի ազգային վեպը:

 

«Վերք Հայաստանի» վեպի նկարազարդումները

(Գրիգոր Խանջյան)