Ի. Վ. Ռոսկովշենկոյին: – Մարտ

ԻՎԱՆ ՎԱՍԻԼԵՎԻՉ

Ապրել և մեռնել հայրենիքի համար-ահա խնդիրը, որ իբրև նպատակ, ես ընտրել եմ ինձ համար իմ մանկության օրերից:

Դեռ ճնշված լինելով, ինչպես բռնակալության, նույնպես և տգիտության բեռների ներքո, դեռ ոչ մի գաղափար չունենալով եվրոպական կրթության մասին, ոչ մի նեցուկ և մինչև իսկ ոչ մի միջոց չունենալով հասնելու առաջադրած նպատակիս, ես հոգուս մեջ արդեն տածում էի միայն և միայն այդ մտածությունը և միայն այդ ցանկությամբ այրվում: Իմ հայրենակիցների թշվառ բախտը, որոնք ճնշված էին բարբարոսության լծի տակ, վշտալի հիշողություններս երբեմն փայլած, բայց օրերով հանգած իմ թանկագին հայրենիքի մեծության և փառքի մասին-ահա իմ առաջին տպավորությունները, առաջին ծանր զգացմունքներս, որոնք հուզում, վրդովում էին խղճուկ թախծյալիս և որբացյալիս: Աչքիս առաջ բերելով այդպիսի կենդանի եղանակով իմ հայրենիքի խղճուկ վիճակը, առաջին երդումը, որ ես տվել եմ մեր սուրբ հայրերի սեղանի առաջ, դառն արցունքները, որ ես թափել եմ նրանց գերեզմանի վրա, ի խորոց սրտի հառաչանքները, որ ես նվիրել եմ նրանց աճյուններին, եղել են այն, որ դրանք լինեն իմ պահապան հրեշտակները և բաց անեն իմ առաջ հօգուտ նրանց որբ թողած մանուկներին զոհվելու ուղին:

Տաս տարին անցավ ինձ համար, ինչպես տաս դար: Ամենալավ ակնկալությունները ես առոչինիչ էր համարում, ձգտելով գտնելու մի պատեհ դեպք, որ իմ մեջ եռացող այդ խուլ զգացմունքներս մեկնեմ, պարզեմ, որով կարողանայի հասնել այդ նպատակիս: Առանց նախապես լուսավորվելու, այսպես էր խոսում իմ մեջ ներքին ձայնը, անկարելի պիտի լինի ինձ պիտանի լինել որևէ գործի: Այդ նպատակով քանի-քանի անգամ թողել եմ իմ հայրական տունը, փախչելով, ինքս էլ չիմանալով, թե ուր: Հանցափորձությունները, դժվարությունները, որոնք պատահում էին ինձ այս ապարդյուն որոնումների ժամանակ, չքավորությունը և մինչև իսկ վտանգները-ոչ մի, ոչ մի բան չկարողացան հանգցնել իմ մեջ այդ հոգեկան բոցը: Բայց ամենաբարձյալը, որին միայն հայտնի են մեր սրտերի ներքին շարժումները, չթողեց ինձ վաղաժամ զոհ դառնալու դառն խորհուրդների և հրաշալիորեն ցույց տվեց ինձ իմ ապագա կոչման ճանապարհը:

Իմ հայրենիքի ազատագրության օրերով, երբ նա վերակենդանացավ մեր հրեշտակ-փրկչի, մեր ռուս ժողովուրդի զենքով, ու՞մ հոգին այնքան խանդավառված կարող է լինել այդպիսի բախտավորության հրճվանքով, եթե ոչ իմը: Եվ ես մինչև օրս էլ պահում եմ իմ մեջ, իբրև սրբություն, իմ այն ժամանակվա մանկական զգացմունքների թոթովանքը: Բայց ով որ այն ժամանակ իմ ընկերներից, աշխարհական թե հոգևորական ուզում էր ձեռք բերել իր համար մի որևէ արտաքին արտոնություն, ես միայն մի խորհուրդ ունեի, մի աղոթք-խնդրել և ստանալ միապետի ողորմածությունը կրթվելու համար հօգուտ իմ հայրենիքի պատանեկության, որին, վերջապես, արժանացա բարեխոսությամբ իմ անմոռաց բարերար պրոֆեսոր Պարրոտի:

Իմ կյանքիս 23 տարեկան հասակում, այդ մարդկության կյանքի կարևոր շրջանում, երբ մտավոր ընդունակությունները դադարում են իշխել վառ երևակայության և թեթև հիշողության երջանիկ ուժերի վրա, որի մեջ մարդս արդեն սկսում էօգտագործել իր պատանեկության ժամանակվա աշխատանքով ձեռք բերած գանձը, ես նոր միայն ձեռնարկեցի ձեռք բերելու այն,  թողնելով հոգևոր կարգս, հայրենիքս, ծառայությունս, ոչ անկարևոր, որ խոստանում էր ինձ ապագայում փայլուն ասպարեզ իմ հոգևոր կոչման մեջ, որպեսզի իմ մեջ արմատացած ասիական հոգին լուսավորեմ եվրոպական կրթության բարերար ճառագայթներով: Իմ համառության դեմ ջարդուփշուր եղան այն բոլոր միջոցները, որ գործադրում էին Էջմիածնի Սյունհոդոսը և պատրիարքը, որոնք այն ժամանակ իմ իշխանավորներն էին և ցանկանում էին հետ պահել ինձ այդ քայլն անելուց: Ոչ սպառնալիքը, ոչ ամենագրավիչ խոստումները, ոչ ծնողներիս արտասուքը, որոնք ընտել չէին այդպիսի հեռավոր և երկարամյա անջատման իրենց զավակներից, հետագայում, գուցե վշտահար իմ հեռանալու պատճառով, գերեզման մտած, չկարողացան կասեցնել ինձ: Ա՜հ, ես այժմ սրտի ցավոք զգում եմ, թե ինչ եմ կորցրել աշխարհիս երեսին, բայց կորցրածը չի վերադառնալ և ուշացած զղջումը կքավի միայն դագաղը:

Թողնելով մի կողմ բոլոր դժվարությունները, որոնց դեմ ես պետք է մաքառեի օտար երկրում, որովհետև ամեն բան ինձ համար նոր էր՝ և՛ լեզուն, և՛ մտածման եղանակը, իսկ գիտությունների մասին խոսելն էլ արդեն ավելորդ է, ես հարկ եմ համարում հիշել միայն այն, որ միջոցներն այն ժամանակ տրամադրված առատաձեռն պետության կողմից և խնդրած ու ստացված իմ բարերար Պարրոտի բարեխոսությամբ, միայն և եթե այն նպատակի համար են եղել, որի մասին այստեղ խոսք է լինում:  Հենց այդ հանգամանքին էլ, և ոչ անձնական արժանավորություններին եմ վերագրում ես այն, որ այնպիսի ականավոր անձինք, ինչպիսիք նորին պայծառափայլություն Վարշավի կոմսը, կոմսեր Բեկենդորֆը, Նեսերոլդը, Ստրոգանովը, նախարարներ Լիվենը, Բլուդովը և ուրիշ շատերը և հասարակության համարյա ամբողջ գիտական մասը ցույց են տվել կենդանի մասնակցություն և բարեհաճ վերաբերմունք, որտեղ էլ որ ես գտնվել եմ, կամեցած լինելով նպաստած լինել ինձ իրենց կողմից այդ գործում: Բայց ես ընտրելով ինձ համար ամենահամեստ, միևնույն ժամանակ և շատ ցանկալի ասպարեզը, իմ ներկա կոչման մեջ, ավելորդ եմ համարել մինչև օրս նեղություն պատճառել իմ բարյացակամներից մեկն ու մեկին:

Եվ այսպես, ես կամենալով ունենալ մասնավոր աշակերտներ, որպեսզի ծառայությունիցս ազատ ժամանակը գործադրեմ նրանց օգտին, որի դեմ մինչև օրս ոչ մի արգելք չի հարուցել կառավարությունը, եղել է առաջին սկզբնավորությունն իմ նախագծած նպատակի իրագործման, և ոչ թե զազրալի շահամոլությունը, որ առիթ է տվել ոմանց կասկածել այդ անմեղ նպատակիս վերաբերմամբ: Երկար ժամանակ ես պահել եմ այդ աշակերտներին իմ մոտ անվճար. նրանց ծնողներն իրենք վշտանալով այդ բանից, որ ես մտադրել եմ իմ ծառայությունը մատուցանել ձրիաբար, առաջարկել են ինձ օգտակար հանդիսանալ իրենց շրջանում, կարո՞ղ է ուրեմն դրան արգելք լինել բարյացակամ կառավարությունը: Միթե՞ այդպիսի մտքեր ունեցողի կամ տածողի համար: Իմ հույսը ձեր վրա է: Միայն, գուցե, դագաղը կարող լինի խեղդել այդ զգացմունքները, որոնք առլցված են երկյուղածությամբ, երախտագիտությամբ այն գործակցության համար, որ ձեզանից միայն, անկարելի է ինձ համար:

Ոմանք սակավ ինչ դրամական օգնություն են մատակարարել ինձ իրենց զավակների սննդի և իմ մյուս աշխատակիցներին պահելու համար, բայց և այնպես և՛ այժմ շատերն օգտվում են իմ տված ուսումից ձրիաբար: Ինչու՞, ա՜հ, ինչու՞ բախտը զրկել է ինձ կարողությունից, որ ես ի վիճակի լինեի պահել և դաստիարակել իմ սեփական  միջոցներով ոչ թե քսան, այլ 100 և ավելի մանուկներ ամենաչքավոր դասից, որ սերմանեի նրանց հոգու մեջ մարդկային պարտականությունները,-կրկնում եմ ես հաճախ դառն հառաչանքով:

Հայերը, որոնք ի բնե օժտված են այնքան գերեզանց ընդունակություններով, կարող էին այն ժամանակ դառնալ ռուս զորեղ կայսրության  ընտիր ուղղության տեր և շատ լավ քաղաքացիներ:

Իմ լեզուս շատ թույլ է արտահայտելու այն զգացմունքը, որով ես նայում եմ այդ իմ սրտին սիրելի սաներիս վրա: Եթե իմ հույսն իրագործվի իմ ցանկացած հաջողությամբ, ես հաստատ համոզված եմ, որ իմ աշխատանքները չեն մնալ անպտուղ և մահիցս հետո: Գիտություններ ամեն տեղ կարելի է ձեռք բերել, բայց ոչ ամեն տեղ կհաջողվի ինքն իրեն հարմարեցնել իր ապագա կոչման, իբրև հասարակության օգտավետ անդամ և իբրև մի անհատ, որ ստեղծված է միայն իր մերձավորների բարիքի համար:

Իվա՜ն Վասիլևիչ, ես իմ սուրբ պարտականությունն եմ համարում ծանոթացնել ձեզ իմ բախտին և նպատակին, ես վստահում եմ ենթարկել ձեր բարի դատողության իմ ամենախոնարհ խնդիրը՝ձեր իշխանական ուշադրությունը դարձնելու այդ հանգամանքի վրա: Վեհ հոգիներին միայն ևեթ հատուկ է գնահատելու այդպիսի ձգտումները: Ձեզ ինձ պաշտպան ունենալուց հետո, ես այժմ ավելորդ եմ համարում, ինչպես և առաջ, նեղություն պատճառել այլևս մի ուրիշին իմ բարյացակամներից, և հույս ունեմ, որ իմ նպատակը, որ արժանացել է և միապետի ողորմածության, և որ այնքան ականավոր անձերի ուշադրության առարկա է եղել, չի կարող և ոչ մեկի համար չարամտության առարկա լինել: Ձեր բարյացակամ դիտավորությունը հօգուտ այս երկրի պատանեկության և նրանց ճշմարիտ հոգևոր կրթության ներշնչում է ինձ ամենահաստատուն վստահությունը: Ձեր խնամքի տակ ես ավելի, քան երբևիցե, ամենահջող եղանակով կհառաջադիմեմ իմ այս նպատակի իրագործման մեջ, որ տածել եմ իմ մանկության օրերից: Եղեք իմ երկրորդ բարերարը, ինչպես երբեմն ինձ համար եղել է Պարրոտը. ինձ արդեն աշխարհիս երեսին ոչ մի բան չի կարող հրապուրել, բայց միակ այդ զբաղմունքը, որ ամփոփում է իր մեջ իմ բարոյական կյանքը, պահպանում է և ի ֆիզիկական կարողությունը, որի ոչնչացմամբ կյանքն ինձ համար կյանք չի լինիլ, այլ ծանր բեռ. Միակ Ձեր ազնիվ հոգին կարող է դատակշռել թե ինչու համար ես այրվում եմ:

Հայրենիքի, ազգի անունը սուրբ է ոչ միայն ամենքի համար, տրտմությունը և հրճվանքը դրանց անունը հիշելու ժամանակ ամենքին էլ հասկանալի չէ և միայն անարժանիս և փանաքիիս, բայց բնությունն ինքը տվել է ինձ այդ զգացմունքը: Փառք չի՛, որ ես ձգտում եմ, որ զինված լինեմ իմ դեմ նախանձը. Իմ կացությունն ամենաաղքատիկն է, իմ ցանկությունն՝ ամենասահմանափակը. միթե՞ իմ շրջապատին օգտակար լինելու ձգտումները կարող են արգելք գտնել բարյացակամ կառավարության կողմից: Միթե՞ այսպիսի գաղափարները պետք է պատրաստեն դրանք տածողի համար ողբալի վիճակ: Իմ հույսը Ձեզ վրա է: Միթե՞ կարող է լոկ գերեզմանը խեղդել ձեզանից միյան ինձ եկող օժանդակության համար ակնածանքով ու երախտագիտությամբ առլեցուն զգացմունքները:

Մարտ, 1842, Թիֆլիս