«Սուրճ` Աբովյանի բաղադրատոմսով» : 10.03.2017թ.

«…Կինը` բնության գլուխգործոցն է, նրանից ավելի կատարյալ բան բնությունը չի ստեղծել….»– հանճարեղ Աբովյանի հանճարեղ մտքերից մեկը` կանանց վերաբերյալ:
———————————————————————


Մարտի 10-ին թանգարանում կայացավ «Սուրճ` Աբովյանի բաղադրատոմսով» կանանց տոնին նվիրված միջոցառում-հյուրասիրություն, որն ուղորդվեց նոր բացահայտումներով:
……..սուրճի հյուրասիրություն աբովյանական սպասքով և բաղադրատոմսով, Պարրոտի կնոջ պահքի թխվածքաբլիթներ, որոնց բաղադրատոմսը ժամանակին գրի էր առել Աբովյանն իր բաղադրատոմսերի տետրում, Ապով պապի այգու կարմրաթուշ խնձորներ, հատվածներ Աբովյանի նամակներից` ուղղված այն կանանց, ովքեր տարբեր ժամանակահատվածներում որոշակի դեր են ունեցել մեծ լուսավորիչի կյանքում և ներշնչանքի աղբյուր հանդիսացել նրա համար: Մթնոլորտն Աբովյանական դարձրին Զեյթուն մշակութային կենտրոնի «ՀԱՅԱՍԱ» թատերախմբի սաները՝ Հասմիկ Նիկողոսյանը, Ամալյա Հարությունյանը, Լիլիթ Գրիգորյանը, Մարիա Շահվերդյանը և
Սոնա Քալանթարյանը: Խմբի գեղ. ղեկ. Ալլա Թորոսյանը նորից ու նորից մեզ զարմացրեց իր մասնագիտական հմտություններով՝ բեմադրելով հատվածներ՝ Գ.Հայրյանի « Ձիթենու ճյուղը» վեպից, որին մի առանձին աշխույժ կենսականություն էին հաղորդում կին հերոսները՝ ՍՈՆԱՆ, ՎԵՐԱՆ և ՇԱՐԼՈՏԱՆ: Հնարավորություն էր ստեղծվել բազմակողմանի ներկայացնել Աբովյանի բնավորությունը, նրա հոգեկան աշխարհի զանազան ելևէջները, նրա հուշերը:

Օրվա կին հերոսներն էին՝ մանկավարժներ՝ ովքեր տարիներ շարունակ անմնացորդ նվիրել են իրենց մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործին:

Միջոցառման վերջում, որպես օրվա հուշ մասնակիցներն իրենց հետ տարան՝ ՄԵԿ ԳԴԱԼ ՍՈՒՐՃ ՝ ԱԲՈՎՅԱՆԻ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍՈՎ: