Ապրիլի 2 – ՄԵԾՆ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԱՆՀԱՅՏԱՑՄԱՆ ՕՐ

1848թ. ապրիլի 2-ին  մեծ լուսավորչի առեղծվածային անհայտացման օրն է, որի ստույգ մանրամասները առ այսօր բացահայտված չեն:

Ապրիլի 2-ին թանգարանում կայացավ միջոցառում,որը խորհրդանշական էր երկու առումով: Առաջինը կապված էր Աբովյանի ողբերգական անհայտացման հետ: Ամեն տարի, ավանդույթ դարձած այդ օրը, թանգարանը իր հարկի ներքո հիշատակում և հարգանքի տուրք է մատուցում հայ վերածնության մեծ գործչին՝ Խ.Աբովյանին: Եվ հենց այդ օրը կայացավ «ՄԵԾՆ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ Խ.ԱԲՈՎՅԱՆ» խորագիրը կրող մրցույթ-միջոցառման եզրափակիչ փուլը:

Խաղաղ չի անցել Աբովյանի կյանքը: Նա ապրել է դառը և խառնակ ժամանակներում: Նրա ստեղծագործությունների մեծ մասը տոգորված է Հայաստանը քաղաքական և հոգևոր ստրկությունից ազատագրելու բարձրագույն իդեալով:

Այս տարի միջոցառումը կազմակերպվեց նոր ձևաչափով: ՄՍԿՀ-ի գեղարվեստի ավագ դպրոցի հետ համատեղ իրականացվեց «Խաչատուր Աբովյան» նախագիծ: Կրթահամալիրի սաների կողմից տեսանյութերով  ներկայացվեցին «Աբովյան փողոցի պատմությունը», «Աբովյանի արձանի պատմությունը», «Զանգու գետը», Աբովյանի առակների էլեկտրոնային գիրքը, ինչպես նաև,  բազմաթիվ աշխատանքներ`Խ.Աբովյանի տոհմածառը, քանդակներ, թեմատիկ նկարներ և այլն: ՄՍԿՀ-ի երաժշտական լաբորատորիան և թատրոնի խմբակի սաները օրը վերածեցին աբովյանական տոնի: Միջոցառումն ավարտվեց հյուրասիրությամբ:

Leave a Reply