Վ. Ա. Ժուկովսկուն: – Հունվարի 21

DSC02150 289 Ժուկովսկի` Գ.Ս.Սմբատյան

Ձերդ գերազանցություն,

Ամենաողորմած պարոն,

Բարի եղեք թույլ տալ առաջադրելու Ձեզ մի հանգամանք, որն ինձ վաղուց զբաղեցրել է, իսկ երեկվանից սկսած՝ ավելի սաստիկ և որը Ձեր ուշադրության համար պակաս արժեքվոր չի լինի:

Որովհետև որոշ չափով ինձ հայտնի են իմ արևելյան հայրենակիցների՝ հայերի և ուրիշների, մտածելակերպը և կյանքը, ուստի բազմակողմանի փորձերով ապացուցված եմ համարում, որ նրանք ուրիշ ո՛չ մի այլ միջոցով չեն կարող ամենից լավ և արագ իսկական կրթության և լուսավորության հասնել, քան գեղեցիկ արվեստների՝ բանաստեղծության, երաժշտության և նկարչության միջոցով: Եվ երբ ես Եվրոպայում առաջին անգամ տեսա այդ արվեստներն իրենց իսկական լույսով և զգացի նրանց ներգործությունը նախ և առաջ՝ եվրոպացիների, և հետո էլ՝ ինձ վրա, ապա իմ առաջին և ամենագեղեցիկ ցանկությունն այն եղավ, որ ես աշխատեմ տարածել այդ արվեստներն իմ հայրենի երկրում ևս: Այդ ցանկությունն ես արտահայտել եմ ո՛չ թե մի, այլ շատ անգամներ, և այն բարյացակամորեն ընդունվել ու հաստատվել է այդ հրաշալի արվեստներին հմուտ մարդկանց կողմից: Եվ երբ ես պատկերացնում եմ այդ արվեստների երկնային, սիրո ազնվացնող, հմայիչ ուժը, երբ ես նկատի եմ ունենում արևելցիների կրակոտ, բուռն երևակայությամբ, ապա այդ բոլորից այնպիսի սերտ ներդաշնակություն է ստացվում, որ ես այլևս չեմ երկբայում, որ որևէ մեկը կարող է կասկածել այդ ճշմարտության վրա: Ո՛չ միայն հայերը, այլև ամբողջ Ասիան, որպես մանկությանս օրրան, ինձ վրա պարտականություն են դնում ո՛չ մի դեպքում չհրաժարվել այն ծառայությունից, որ ես ի վիճակի եմ կատարելու և կկարողանամ կատարել: Դա կլիներ մի անհաջող ձեռնարկություն, եթե ես համարձակվեի հիշյալ արվեստներն այդ նպատակով յուրացնել մի այսպիսի հասուն տարիքում և այսքան կարճ ժամանակում: Սակայn օր ու գիշեր ես պատրաստ եմ ապագայում ամեն հնարավորություններ գործ դնելու, եթե իմ հայրենիքում գտնվեին երիտասարդ մարդիկ, որոնք այդ տաղանդն ու ցանկությունն ունենային Եվրոպա գնալու և կատարելագործվելու:

Ոչինչ այնպես չէր բորբոքում իմ միտքը եվրոպական կրթության համար, ոչինչ այնպես բուռն կերպով չէր համապատասխանում իմ ձգտումներին, ինչպես բանաստեղծությունը, երաժշտությունը և նկարչությունը: Որքան էլ քիչ են զբաղվում մեզանում այդ չքնաղ արվեստներով, որքան էլ քիչ հասկանալի են այդ արվեստները, այնուամենայնիվ նրա՛նք իմ ամենագեղեցիկ մտքերի ղեկավարն էին:

Երբ ես բախտ ունեցա եվրոպական հողում առաջին անգամ տեսնելու այդ արվեստներն իրենց իսկական լույսով, ապա առաջին ցանկությունը, որ ես ունեցա, այն էր, որ դրանք փոխադրեմ ասիական երկրները: Եթե Ասիան պիտի ստանա լուսավորության իսկական լույսը, ասում էի ես իմ մտքում, ապա այդ բանը ոչ մի այլ միջոցով չէր կարող ամենից լավ և արագ կատարվել, քան դրանց միջոցով, և իմ այս կարծիքը, ավելի հաճախ, քան մեկ անգամ, հաստատվել է դրանք իմացողների կողմից: Ո՜վ չի ճանաչում այն երկնային, սիրտ ազնվացնող, հմայիչ ուժը, որ գտնվում է արվեստների մեջ և ո՞ր հոգին կարող է ամենից ավելի զգայուն լինել նրանց հանդեպ, եթե ոչ արևելցու կրակոտ, երևակայությամբ հարուստ հոգին:

Դա կլիներ մի անհաջող ձեռնարկություն, եթե ես համարձակվերի մի այսպիսի հասուն տարիքում և այսքան կարճ ժամանակում յուրացնելու դրանք հիշյալ նպատակի համար: Սակայն օր ու գիշեր ես պատրաստ էի ապագայի համար ամեն հնարավորություններ գործ դնել և գտնել իմ հայրենիքում նման տաղանդի տեր երիտասարդ մարդիկ՝ նրանց այստեղ ուղարկելու համար:

Այժմ արդեն ներկայանում է ինչքան զարմանալի, այնքան էլ անհասկանալի մի առիթ, որն այս կապակցությամբ գեղեցիկ հույսեր է խոստանում ինձ: Մի քանի օր աառջ այստեղ է եկել իմ հայրենի Երևան քաղաքից մի երիտասարդ՝ Ստ. Ներսիկով անունով, որին ես ճանաչում եմ և որի մասին գիտեմ, որ նա ո՛չ միայն բուռն ձգտում, այլ խոշոր ձիրք ունի դիմանկարչության համար և որը միևնույն ժամանակ ո՛չ թե որևէ վարպետի <օգնությամբ>, այլ սոսկ ինքնակրթությամբ այնքան է առաջադիմել, որ ի վիճակի է բավական հաճելի գաղափարներ իրագործելու: Ես նրան ո՛չ տեսել եմ, ո՛չ էլ նրա հետ խոսել, սակայն ինչ որ երեկ բոլորովին պատահմամբ նրա մասին իմացա, նրա օգտին է խոսում: Միայն արվեստի նկատմամբ ունեցած այդ բուռն ձգտումից դրդված՝ նա թողել է իր հայրենիքը, ծնողներին և այս երկար ճանապարհորդությունը կատարել մի օտարերկրացու հետ, իբրև ծառա, որպեսզի այստեղ կատարելագործվի նկարչական արվեստի մեջ և ինչպես լսել եմ, մինչև այժմ էլ նա անօգնական ու անապաստան է և կամենում է իր բախտն անձամբ փորձել:

Ո՞վ կարող է նման արվեստի սերը գնահատել, եթե ոչ նույն այդ արվեստն իմացողը, այն խրախուսողը: Եթե մեր բարերար կառավարության ողորմածության մի կաթիլը կարող է և պետք է ընկնի մի այսպիսի անօգնական, երիտասարդ մարդու սիրտը, ապա ես կցանկանայի, որ այդ բանը կատարվի միայն Ձերդ գերազանցության, և ուրիշ ոչ ոքի միջոցով: Սրանով ի չարը չենք գործ դնում Ձեր բարյացակամ վերաբերմունքը իմ ազգի և իմ հանդեպ, այլ կատարյալ վստահություն ենք տածում դեպի Ձեզ. բարին ու գեղեցիկը կարող են միմիայն բարու միջոցով ճանաչվել և զարգանալ: Նա իր բախտին արժանացած կլինի, եթե միայն կարողանա մտնել Գեղարվեստների ակադեմիա, և այն բարիքը, որ կստացվի Ձերդ միջնորդության շնորհիվ, կծառայի հազարավոր մարդկանց օգտին: Իսկ Հայսատանը քի՞չ արտակարգ մարդիկ է ստեղծել, որոնց գործերը և կենսապատկերը մի թիզ հողով է ծածկված, որովհետև այնտեղ ոչ ոք չի եղել, որը հավերժացներ նրանց ապագա սերունդների համար: Որքան ընկճում է ինձ այս միռտքը: Իսկապես չգիտեմ, թե ինչո՞վ կարող եմ իմ ազգի երիտասարդ սրտերը կենդանացնել և ոգեշնչել առաքինության և հիշել նախատիպերին նախանձախնդիր լինելու իմաստով: Թե՛ լավը, թե՛ վատը պառկած են մոռացվածների միևնույն շարքերում: Թո՛ղ չքնաղ մուսաներն ուժ շնորհեն նրանց արժանիքները լույս աշխարհ բերելու համար: Ես կարող եմ միայն այսքան ասել, որ նրանց բարեկամն է. իսկ միայն նկարիչն է ի վիճակի նրանց կյանքը պատկերել մեզ: Որքա՜ն բախտավոր կլինեմ, եթե այդ երիտասարդ մարդուն, առանց իր գիտնալու, առանց իր խնդրելու այդ ուրախ լուրը տանեմ և նրանից անդրժելի երդում առնեմ՝ հայրենիքին ծառայելու, նրա անունը փառավորելու, նրա զավակների համար իր անմբողջ ուժն ու կարողությունը գործ դնելու և ամբողջ կյանքում շնորհակալ լինելու այն մարդուն, որ նրա բախտի պատճառն է եղել:

Այս ցանկությամբ և խորին հարգանքով մնում եմ

Ձերդ գերազանցության

խոնարհ ծառա

Խ. Աբովյան

1835, 21 հունվարի

Պետերբուրգ