Առաջին վերելքը Արարատի գագաթ

IMG_0005

                Արարատի ստորոտը

Եվրոպական բազմաթիվ ճանապարհորդներ ու աշխարհագրագետներ բացառիկ հետաքրքրություն էին ցուցաբերում Հայկական լեռնաշխարհի, հատկապես նրա արևելյան մասի նկատմամբ: Նրանց մասնավորապես հետաքրքրում էին Արարատ լեռն ու Արարատյան դաշտը, որոնք, բիբլիական առասպելի համաձայն, համարվում էին ետջրհեղեղյան մարդկության տարաբնակեցման կենտրոն: Եվրոպական ճանապարհորդները Արարատ լեռը համարում էին մարդկանց համար լրիվ անհասանելի մի լեռ: Նրանց շարադրած նյութերում անպայմանորեն խոսվում էր վերամբարձ գագաթի խիստ զառիթափ, անանցանելի լանջերի, հավերժական սառցադաշտերի մասին: Համեմատաբար ավելի ստույգ տեղեկություններ Արարատի վերաբերյալ Եվրոպա բերեցին ֆրանսիական ճանապարհորդներ Ժան Շարդենը (1673թ.) և Պիտոն դե Տուրնեֆորը (1701 թ.): Բայց սրանք էլ խոսում էին լեռան անհասանելիության մասին: Փոխանցվելով սերնդից սերունդ՝ էլ ավելի ամրապնդվեց ստեղծված առասպելը և ստացավ կրոնի անժխտելի դրույթի ուժ:

Արարատի լեռնային զանգվածի գիտական լուրջ ուսումնասիրության համար արգելք էր հանդիսանում Արևելյան Հայաստանում ստեղծված քաղաքական ծանր իրավիճակը: Կառավարող խաների կամայականությունները, ինչպես և թափառող քոչվոր ցեղերի ասպատակությունները, երկար տարիներ հնարավորություն չէին տալիս հիմնովին հետազոտել Արարատը: Ռուսաստանի կազմի մեջ Արևելյան Հայաստանի մտնելը հեշտացրեց գիտնականների գործը: Առաջինն այդ բարենպաստ քաղաքական փոփոխություններից օգտվեց Ֆրիդիրխ Պարրոտը՝ Դորպատի (այժմ՝ Տարտու, Էստոնիա) համալսարանի պրոֆեսորը, որը ճանաչված գիտնական էր, ֆիզիկոս, բժիշկ ու բնախույզ: Ֆ. Պարրոտի ջանքերով կազմակերպված այս գիտարշավը նպատակ ուներ գալ Հայաստան և ոչ միայն նվաճել մահկանացուների համար անհասանելի թվացող գագաթը, այլ բազմակողմանիորեն ուսումնասիրել ամբողջ լեռնային զանգվածը: Գիտարշավը կոմպլեքսային էր: Նրա աշխատանքներին մասնակցում էին աստղագետ Վ. Ֆ. Ֆյոդորովը, երկրաբան Բեհագել ֆոն Ադլերկրոնը, ուսանողներ Կ. Շիմանը և Հ. Հեյնը:

Արշավախմբի մասնակիցները Էջմիածին ժամանեցին 1829 թվականի սեպտեմբերի 8-ին: Էջմիածնի հոգևորականները սրտաբաց ընդունեցին արշավախմբի  մասնակիցներին: Նրանց թարգմանում էր դպիր Խաչատուր Աբովյանը: Ֆ. Պարրոտի առաջարկով և կաթողիկոսի 4համաձայնությամբ վերջինիս հանձնարարվեց ուղեկցել արշավախմբին: Խ. Աբովյանն ուրախությամբ հանձն առավ թարգմանչի և աշխատակցի պարտականությունները:

   Սեպեմբերի 10-ին արշավախումբը թողեց Էջմիածինը և շարժվեց դեպի Արարատ լեռը:

  Սեպտեմբերի 11-ին Արաքսի աջ ափին գիտնականներն անցկացրին առաջին դիտարկումները: Այնուհետև արշավախումբը հասավ Ակոռի գյուղը, Ֆ. Պարրոտը Խ. Աբովյանի  առաջնորդությամբ գնաց գյուղ, զրուցեց տանուտեր Ս. Խոջյանի հետ, եզներ և ուղեկցող մարդիկ վարձեց: Երեկոյան ճանապարհորդները հասան ս. Հակոբի վանքը, որը պետք է լիներ նրանց հիմնական կայանը:

    Սեպտեմբերի 12-ին առավոտյան ժամը 7-ին Ֆ. Պարրոտը ձեռնարկեց վերելքի առաջին փորձը: Վերելքին մասնակցում էին Կ. Շիմանը, մեկ կազակ և ակոռեցի շինական Սահակը:  Ֆ. Պարրոտի խումբը բարձրացավ լեռան արևելյան խիստ զառիթափ լանջով և, հավերժական ձյան գիծը չհասած, գիշերեց ծովի մակարդակից 3502 մ բարձրության վրա, մարգագետինների գոտում:

  Սեպտեմբերի 13-ին խումբը շարունակեց վերելքն առանց Սահակի: Հասնելով ձյան սահմանին՝ արշավախումբը հանդիպեց նոր դժվարությունների, զգացվում էր հատուկ հանդերձանքի բացակայությունը: Խմբին մի քանի ժամվա ճանապարհ էր մնում մինչև գագաթը, սակայն ուտելիքով ապահովված չլինելը, գիշերով իջնելու վտանգը ստիպեցին նրանց ետ վերադառնալ: Նրանք հասել էին ծովի մակարդակից 4365 մ բարձրության:

  Սեպտեմբերի 14-ին առավոտյան ժամը 10-ին խումբը բարեհաջող վերադարձել է ս. Հակոբի վանքը:

Ճիշտ է, վերելքի այս առաջին փորձը անհաջողության մատնվեց, և լեռը չնվաճվեց, բայց ապացուցվեց Մեծ Արարատի գագաթը բարձրանալու հնարավորությունը: Խ. Աբովյանը վառվում էր հաջորդ վերելքին անձամբ մասնակցելու ցանկությամբ:

  Սեպտեմբերի 16-ին տեղացի շինականների հետ զրույցներից հետո հասունանում է գագաթն   արևմուտքից գրոհելու միտքը:

  Սեպտեմբերի 17-ին ամբողջ արշավախումբը սկսում է նախապատրաստվել երկրորդ վերելքին: Խ. Աբովյանը խնդրում է պրոֆեսորին թույլ տալ իրեն ևս մասնակցելու արշավին: Սկզբում Պարրոտը ոչ մի կերպ չի համաձայնում, նա խնայում է երիտասարդին՝ նրան անպատրաստ համարելով սպասվող դժվարություններին, բայց ի վերջո տեղի է տալիս նրա թախանձանքներին:

  Սեպտեմբերի 18-ին սկսվում է երկրորդ վերելքը: Ծանր բեռնավորված ձիերի, եզների ու մարդկանց քարավանը շարժվում է արևմտյան լանջով: Այս անգամ վերելքին մասնակցում էին 12 մարդ: Առանձնապես դժվար է լինում անցնել «ավազովք և խճովք չիչաքարի» ու անկանոն կուտակված քարերի վրայով: Երեկոյան ժամը 6-ին մարգագետինների գոտում, հասնելով ծովի մակարդակից 3704 մ բարձրության, քարավանը կանգ է առնում գիշերելու Քիփ գյոլ անունը կրող հարթության մոտակայքում:

IMG_0005

Արարատյան առաջին գիտարշավի արտելքերը

     Սեպտեմբերի 19-ին կես աստիճան ցուրտ է ցույց տալիս ջերմաչափը, երբ առավոտյան արշավախմբի հիմնական ջոկատը, թողնելով ձիերին, եզներին ու եզնապաններին, գրոհում է լեռը: Երկու ժամ անց նրանք հանդիպում են մեծ սառցադաշտի, որի վրայով անցնելու համար անհրաժեշտ էր ոտնատեղեր փորել և, միմյանց օգնելով, զգուշորեն առաջ շարժվել: Ձորերից մեկում նրանք հանդիպում են 1,5 մետրից ավելի հաստություն ունեցող սառցադաշտի և վերջապես հասնում են «հավասարաձիգ և տափարակ» մի ժայռի: Անցնել ժայռը միտք չուներ, որովհետև կպահանջվեր ևս մի քանի ժամ, իսկ եղանակը վատանում էր, խոնավ ու սառը քամին մոտալուտ փոթորիկ էր խոստանում: Ծովի մակարդակից 4591 մ բարձրության վրա արշավախումբը կանգ է առնում:

Հենց այստեղ էլ Պարրոտը նպատակահարմար է գտնում կանգնեցնել իր հետ բերած  12 կգ ծանրություն ունեցող սև խաչը: Այն ամրացվում է երեսով դեպի Երևան, որպեսզի հնարավոր լինի քաղաքից հեռադիտակով տեսնել:

  Սեպտեմբերի 20-ին արշավախումբն իր ողջ կազմով բարեհաջող վերադառնում է հիմնական բնակատեղը: Արշավախումբն այս անգամ ևս լեռան գագաթը չհասավ, և փաստորեն վերելքը նորից անհաջողության մատնվեց, բայց ապացուցվեց, որ գրոհի ուղղությունը ճիշտ է ընտրվել:

 Սեպտեմբերի 21-ին փոթորիկը լեռան շրջակայքում շարունակվում է: Թանձր մառախուղին փոխարինում են մրրիկն ու ահեղ  ամպրոպը:

 Սեպտեմբերի 22-ին գիտարշավի անդամները շարունակում են իրենց դիտարկումները, հարստացնում հավաքածուները, ճշտում քարտեզները: Ֆ.Պարրոտը գլխավորապես զբաղված էր մագնիսական սլաքի խոտորումն ու հակումը չափող գործիքների աշխատանքի ճշգրտումներով: Ադլերկրոնը շարունակում էր հավաքել և դասավորել Մասիսի լանջերը կազմող հրաբխային ապարները (բազալտ, պորֆիրիտ, անդեզիտ և այլն):

 Սեպտեմբերի 23-ին գիտնականները ոչ միայն շարունակում են շրջակայքի ուսումնասիրությունները, այլև սկսում են ձեռնարկել ավելի հեռու վայրերի հետազոտումներ:

 Սեպտեմբերի 24-ին եղանակն աստիճանաբար լավանում է: Ֆ. Պարրոտի մոտ հասունանում են նոր պլաններ: Նա զգում է, որ վերելքի ընթացքում ճիշտ չի բաժանել մարդկանց ուժերն ու ժամանակը: Նա գալիս է այն համոզման, որ հաջողությունը կախված է նրանից, թե որքան կբարձրանան առաջին օրվա ընթացքում, քանի որ այդ դեպքում ավելի շատ ժամանակ կմնա հաջորդ օրը լեռան գագաթ հասնելու և ցերեկով ետ վերադառնալու համար:

 Սեպտեմբերի 25-ին եռուզեռ էր ս. Հակոբի վանքում. արշավախմբի անդամները պատրաստվում էին երրորդ վերելքին:

 Սեպտեմբերի 26-ին, լույսը դեռ չբացված, արշավախումբը դուրս է գալիս ս. Հակոբի վանքից և երրորդ անգամ ուղղություն վերցնում դեպի լեռան գագաթը: Երրորդ վերելքին մասնակցում են Ֆ. Պարրոտը, Հ. Հեյնը, Խ. Աբովյանը, 6 շինական և 3 զինվոր: Վերելքն իրականացվում է լեռան արևմտյան, ավելի ստույգ՝ հյուսիս-արևմտյան կողմից: Ժամը 12-ին արշավախումբը հասնում է Քիփ-գյոլի հարթությանը, որտեղ մնում է 1,5 ժամ: Շուտով մարդիկ ստիպված են լինում բեռը վերցնել սեփական ուսերի վրա: Այստեղ մնում են 3 հոգի, մնացած  9 հոգին երեկոյան ժամը 5.30-ին կանգ են առնում գիշերելու, չհասած հավերժական ձյան սահմանին, ծովի մակարդակից 3910 մ բարձրության վրա:

IMG_0006

Վերելքի փորձերը դեպի Արարատ

 Սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 5.30-ին արշավախումբը սկսում է վերելքի վերջին փուլը և կես ժամ անց արդեն անցնում են հավերժական ձյան սահմանը: Երկրորդ վերելքի ժամանակ հանդիպած սառցադաշտով անցնում են անհամեմատ ավելի հեշտ, որովհետև սառցադաշտի վրա նստած ձյունն սկսել էր հալվել և առաջացած կիսահալ ծածկոցով մարդիկ քայլում էին ավելի ազատ: Սակայն արշավախումբը նոսրանում է. շինականներից մեկը գիշերը հիվանդացել էր և առավոտյան չէր կարողացել միանալ արշավախմբին, մնացած երկուսը, չդիմանալով դժվարություններին, ետ էին դարձել: Մնացել էին 6 հոգի: Նրանք իրենց վերջին ուժերը լարելով՝ շարունակել են վերելքը:

Վերջապես, հաղթահարելով մի քանի բլրակներ և սառցադաշտեր, ցերեկվա ժամը 3.15-ին արշավախումբը հասնում է լեռան գագաթը: Խ. Աբովյանը ձյան մեջ կանգնեցնում է իր ուսերի վրա բերած 1,5  մ բարձրություն ունեցող խաչը:

Խիզախները 6 հոգի էին՝ Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը, Էջմիածնի վանքի դպիր Խաչատուր Աբովյանը, հայ շինականներ Հովհաննես Այվազյանն ու Մուրադ Պողոսյանը և 41-րդ եգերական ջոկատի զինվորներ Ալեքսեյ Զդորովենկոն և Մատվեյ Չալպանովը:

Ընդամենը 45 րոպե են մնում արշավախմբի անդամները Մասիսի գագաթին: Ոչինչ չգտնելով իր հետ տանելու՝  Խ. Աբովյանը վերցնում է մի կտոր սառույց և թաշկինակի մեջ փաթաթում:

 Սեպտեմբերի 28-ի վաղ առավոտյան արշավախումբը շարունակում է վայրէջքը և բարեհաջող հասնում ս. Հակոբի վանք:

Հաղթականորեն ավարտված վերելքից հետո գիտարշավն անմիջապես չի հեռանում ս. Հակոբի վանքից: Նրա պլանների մեջ էր մտնում հետազոտել շրջակայքը և բարձրանալ նաև Փոքր Մասիսի գագաթը:

   ԱՐԱՐԱՏԻ  ՎԵՐԵԼՔԻ  ԺԱՄԱՆԱԿ  ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ  ԳՈՐԾԻՔՆԵՐԸ

            Բարոմետր                                                  Պենդել                                     Անկյունաչափիչ

IMG_0001         IMG_0003      IMG

 Հոկտեմբերի 10-ից 23-ը ընկած ժամանակահատվածում Ֆ. Պարրոտի արշավախումբը երկրաբանական ուսումնասիրություններ է կատարում Գեղամա լեռներում, այնուհետև անցնում Գեղարդի վանքը և մտնում Երևան: Նրանց աշխատանքներին իր գործուն մասնակցությունն է ցուցաբերում  Խ. Աբովյանը: Ուսումնասիրություններ են կատարվում նաև Արարատի ստորոտում գտնվող Սիրբաքան և Փռչո գյուղերի շրջակայքում, այնուհետև Արտաշատի հարավային լանջերում, որից հետո մտնում են Բայազետ քաղաքը և ծանոթանում հայկական հուշարձաններին:

 Հոկտեմբերի 25-ին արշավախումբը սկսում է նախապատրաստվել Փոքր Մասիսի վերելքին:

 Հոկտեմբերի 26-ին երեկոյան կողմ 9 հոգուց բաղկացած խումբը հասնում է Փոքր Մասիսի հյուսիսային լանջերը  և գիշերում փոքրիկ անտառում:

 Հոկտեմբերի 27-ին սկսվում է Փոքր Արարատի վերելքը, որի համար ընտրվել էր լեռան արևմտյան լանջը: Մասնակիցներից մեկը չի դիմանում դժվարություններին և ետ վերադառնում: Մնացած 8 հոգին հերոսաբար մաքառելով կարողանում են ժամը 11-ին հասնել գագաթ: