Մանկավարժական գործունեությունը

ԱԲՈՎՅԱՆԻ  ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ  ԹԻՖԼԻՍՈՒՄ (1836-1843թթ):

Աբովյանը հայրենիք է վերադառնում լայն կուլտուր-լուսավորչական ծրագրերով, որ նա մշակել էր Դորպատում և երկար տարիներ իր հոգում փայփայել: Աբովյանը ամենից առաջ ցանկանում էր Էջմիածնում բացել մի ժամանակակից, բարեկարգ դպրոց՝ ուսուցիչներ պատրաստելու համար:

Ժամանելով Թիֆլիս՝  Աբովյանը դավանանքների մինիստրի հանձնարարական նամա­­կով և սենատոր Հանի անձնական միջնորդությամբ ներկայանում է Հովհաննես կաթողիկոս Կարբեցուն: Տգետ, մանրախնդիր-չարակամ, ամեն մի առաջադիմականի, գիտության ու լուսավորության թշնամի, Աբովյանին ընդունում է բացահայտ թշնամանքով: ժամանակակից կրթության տեր Աբովյանը իր առաջավոր հայացքներով ու դեմոկրատիզմով կաթողիկոսի մեջ, բնականաբար, կարող էր առաջացնել միմիայն բացահայտ թշնամանք և անվստահություն: Նա Աբովյանին դիմավորում է հանրածանոթ թունոտ խոսքերով. «Հրամանա՞ւ գաս ի վերայ իմ, վտարանդեալդ ի հավատոյ, դու լավ խմորիլ կարես զմիտս անմեղաց, այլ կրթել զնոսա չէ քո գործ»:

Էջմիածնի այդ մերժումից հետո Աբովյանի համար սկսվում են անտանելի ծանր օրեր. տարիներով փայփայած  նրա երազները խորտակվում են. նա կանգնում է թշնամի ուժերի, խավարամոլության խուլ պատի հանդեպ: Աբովյանն ընկնում է չափազանց ծանր նյութական դրության մեջ, որ շարունակվում է 7-8 ամիս: Թե այդ ժամանակամիջոցում ի´նչ էր անում, ստուգապես հայտնի չէ, բայց գոյություն ունեն որոշ ակնարկներ և անուղղակի վկայություններ Աբովյանի արխիվում, որոնք վկայում են այն մասին, որ նա մինչև գավառական դպրոց մտնելը Թիֆլիսում մանկավարժական աշխատանք է տարել: Ենթադրվում է, որ դա եղել է Աբովյանի հիմնած մասնավոր պանսիոնը: 1837 թվականին ծառայության մտնելով Թիֆլիսի գավառական դպրոց՝ Աբովյանը չի փակում իր մասնավոր դպրոցը, որտեղ հայերի հետ միասին սովորում էին նաև վրացիներ:

Բացի իր մասնավոր դպրոցից, Աբովյանն այդ ժամանակ ուսուցչություն էր անում Սող. Տեր-Ղուկասյանի տանը, որի մասին իմանում ենք 1837թ. նոյեմբերի 16-ին Աբովյանին գրած Մ. Մսերյանի նամակից:

Աբովյանը  Թիֆլիսի գավառական ուսումնարանի ուսուցչի ու տեսչի պաշտո­նա­կատար է նշանակվում 1837թ. փետրվարի 12-ին: Դժբախտաբար, եղած փաստաթղթերն ու աղբյուրները գրեթե ոչինիչ չեն ասում Աբովյանի, որպես ուսումնարանի տեսչի ու ուսուցչի, գործունեության բուն մանկավարժական կողմի մասին: Այդ ժամանակաշրջանի փաստաթղթերի մեծամասնությունը, որոնք խոսում են Աբովյանի որպես մանկավարժի մասին, վերաբերում են նրա գործունեությանը իր մասնավոր պանսիոնում: Իսկ գավառական դպրոցի մասին եղած տվյալներն ու տեղեկությունները կրում են գերազանցապես կազմակեպչական-վարչական, վիճակագրական բնույթ.  դրանցից մենք իմանում ենք ուսումնարանի աշակերտների բազմադասյան, բազմազգ կազմի մասին, այն մասին, որ ուսումնարանում գոյություն ունեին հատուկ դասարաններ կամ խմբեր ազնվականների երեխաների համար, ինչպես նաև ուսումնարանում գոյություն ունեին հատուկ դասարաններ կամ խմբեր ազնվականների երեխաների համար, այն մասին, որ աշակերտների տարիքային կազմը չափազանց բազմատարր էր: Այս բոլորին գումարած նաև ուսուցիչների մեծամասնության ցածրորակ լինելը, նրանց հնացած մանկավարժական հայացքները, աշակերտների անկուլտուրականությունը, տարրական կարգապահության բացակայությունը, չափազանց անկանոն հաճախումները:

Աբովյանի, որպես տեսչի, ձեռնարկումներից պետք է նշել ամենից առաջ նրա միջնորդության արդյունքում, Անդրկովկասյան ուսումնարանների դիրեկցիայի թույլտվությամբ, գավառական ուսումնարանում հայերեն և վրացերեն լեզուների դասավանդումը սկսել ոչ թե բարձր դասարաններից, այլ հենց առաջին դասարանից:

Աբովյանը ուսումնարանում, բացի տեսչություն անելուց, դասավանդում էր ռուսաց լեզու, ֆրանսերեն, պատմություն, աշխարհագրություն, թվաբանություն:

Չնայած նրան, որ Աբովյանը գտնվում էր իր սիրած մանկավարժական ասպարեզում, նա սահմանափակված էր բազմաթիվ պաշտոնական-ձևական կաշկանդումներով: Հետզհետե Աբովյանի նկատմամբ ուժեղանում է դպրոցական իշխանությունների թշնամական վերաբերմունքը, սկսվում են բանսարկություններ, ոտնձգություններ Աբովյանի աշխատակիցների կողմից: Ներսես Աշտարակեցուն գրած իր նամակում Աբովյանը, խոսելով իր արդյունավետ մանկավարժական աշխատանքի մասին Թիֆլիսում և իր աշակերտների մեծ առաջադիմության ու հաջողությունների մասին, ավելացնում է. «Աստի և նախանձ, չարակամութիւն իմոցս պաշտոնակցաց զրկեալ զիս բռնի յորդեգրաց իմոց-պատճառ եղեն ինձ թողնուլ Տփխիս և հեռանալ աստ…»:

Աբովյանի համար ստեղծվում են աշխատանքի անհնարին պայմաններ գավառական ուսումնարանում. իսկ եթե հաշվի առնեք նրա սկուզբանքայնությունը և ուղղամտությունը, զարամանալի չէ ոչ թե այն, որ նա վեց տարուց հետո ազատվում է գավառական ուսումնարանից, այլ այն, որ նա համեմատաբար երկար ժամանակ դիմանում է այդտեղ:

Թե´ Աբովյանի համար և թե´ դպրոցական իշխանությունների համար պարզ էր, որ անհնար է նրա հետագա աշխատանքը Թիֆլիսի գավառական ուսումնարանում: 1843թ. հուլիսի 11-ին Աբովյանը դիմում է ներկայացնում՝ խնդրելով իրեն ազատել Թիֆլիսի գավառական ուսումնարանից  և տեղափոխել Երևանի գավառական ուսումնարանը: Աբովյանի հրաժարականն ընդունվում է և նրան նշանակում են Երևանի գավառական դպրոցի ուսումնարանի տեսուչ:

IMG    ԱԲՈՎՅԱՆԻ ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՆՍԻՈՆԸ ԹԻՖԼԻՍՈՒՄ:  Ինչպես հայտնի է՝ Էջմիածնի մերժումից հետո Աբովյանը հարկադրված է լինում աշխատանքի մտնել արքունի դպրոցում, որտեղ, սակայն, նա իրեն կաշկանդված էր զգում աստիճանավորի վիճակով, բազմապիսի կանոնակարգերով, դպրոցական իշխանությունների հսկողությամբ և որտեղ նա ի վիճակի չէր բավարար չափով իրագործելու իր մանկավարժական գաղափարները: Այդ պատճառով նա հենց սկզբից մտածում է մանկավարժական գործունեության մի ուրիշ օջախ էլ ստեղծելու մասին, որտեղ նա ավելի ազատ էր իր գաղափարները իրագործելու համար: Այդ օջախը, որտեղ Աբովյանը աշխատում էր գավառական ուսումնարանին զուգահեռ, դարձավ նրա մասնավոր պանսիոնը: Իր զեկուցագրերից մեկում Աբովյանը գրում է, որ, որոշելով իր ազատ ժամանակը նվիրել մասնավոր աշակերտների հետ պարապելուն, ինքը ամենևին էլ չի ղեկավարվել շահադիտական նպատակներով (նա երկար ժամանակ աշակերտների հետ պարապել է ձրիաբար), այլ այդ գործին վերաբերվել է «որպես վաղուց արդեն կանխագծած իր նպատակի կենսագործման առաջին քայլեր»: Ավելի ուշ ակադ. Ֆրենին գրած իր նամակում Աբովյանը խոստովանում է, որ ինքը իր «սիրելի հիմնարկությունը» բացել է «իբրև նախապատրաստական՝ ապագա ժողովրդական ուսուցիչների համար»:

Ինչպես հայտնի է, Աբովյանը դեռ մինչև գավառական դպրոց մտնելը Թիֆլիսի վանքի խցերից մեկում պարապում էր մասնավոր աշակերտների հետ: Ինչպես երևում է, այդ «դպրոցն» էլ հանդիսացել է նրա ապագա պանսիոնի նախադուռը: Որպես գավառական ուսումնարանի տեսուչ, ստանալով բնակարան ուսումանարանի շենքում, Աբովյանը պարապմունքները մասնավոր աշակերտների հետ տեղափոխում է իր բնակարանը: Աբովյանի պանսիոնի նախկին աշակերտ Գ. Աքիմյանը վկայում է, որ ինքը Աբովայնի մոտ սովորելու է մտել 1837թ. և որ նրա մոտ գնացող առաջին աշակերտը ինքն է եղել: Աքիմյանի հաղորդածից պետք է հետևություն անել, որ Աբովյանը գավառական ուսումնարան անցնելուց հետո չի դադարեցնում պարապմունքները մասնավոր աշակերտների հետ, ավելին աշակերտների թիվը ավելանում է. տեղի է ունենում աշակերտների նոր «հավաքագրություն»: Աքիմյանի հիշողությունների համաձայն՝ պանսիոնի աշակերտների թիվը հասնում էր 20-26-ի, որոնք Աբովյանի բնակարանում սովորում և ճաշում էին:

Աբովյանի պանսիոնում դասավանվում էին հետևյալ առարկաները՝ կրոն, պատմություն, աշխարհագրություն, մաթեմատիկա, հայերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն լեզուներ, վայելչագրություն, պարեր: Բացի Աբովյանից, որը դասավանդում էր ռուսերեն, գերմաներեն և պատմություն, պանսիոնում դասավանդում էին նաև 4 այլ մանկավարժներ: Սկզբում, երբ աշակերտները սակավաթիվ էին, Աբովյանը նրանց հետ պարապում և նրանց պահում էր անվճար, միայն ծնողների պնդումով է վերջիններից որոշ դրամական օժանդակություն ընդունում՝ սաների սննդի և մյուս մանկավարժների վարձատրության  համար: Նա մեծ ցավ էր ապրում, որ ի վիճակի չէ իր սեփական միջոցնեով պահելու և դաստիարակելու ոչ թե 20, այլ հարյուր ու ավելի երեխաներ չքավոր դասից:

Հետագայում Աբովյանի և պանսիոնի աշակերտների ծնողների փոխհարաբերությունները ավելի պաշտոնական բնույթ են ստանում. նրանց միջև կնքվում է հատուկ գրավոր պայմանագիր, որի համաձայն՝ սաները պանսիոն են տրվում երկու տարով, դասավանդումը պետք է տարվի երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, պանսիոնում պետք է դասավանդվեն կրոն, բնաբանություն, աշխարհագրություն, պատմություն, թվաբանություն, երեք լեզուների քերականություն, նկարչություն, վայելչագրություն: Ճաշի ծախսերը կրում են ծնողները, իսկ ուսումնական պիտույքների ծախսերը՝ պանսիոն պահողը: Սաների ուսման վարձը սահմանվում է տարեկան 100 ռ. արծաթով: Հետագա շրջանի փաստաթղթերից երևում է, որ մոտավորապես նույնպիսի գումար էլ սահմանվում է սաների սննդի համար:

Տնտեսական-կենցաղային հարցերում Աբովյանի ամենաեռանդուն օգնականուհին նրա գերմանուհի կինն էր, որը պանսիոնի նախկին սաների վկայությամբ, շատ լավ տնտեսուհի էր:

Աբովյանի հռչակը, որպես եռանդուն և արհեստավարժ մանկավարժի, առաջին հերթին, կապված է նրա պանսիոնի հետ, որը թողել է շատ պայծառ, անջնջելի տպավորություն ինչպես պանսիոնի նախկին սաների վրա, այնպես էլ պանսիոնը այցելած և նրան ծանոթ ժամանակակիցների վրա: Աբովյանի մասնավոր պանսիոնը կազմում է անդրկովկասյան նոր դպրոցի ու հայ մանկավարժության պատմության ամենաուշագրավ էջերից մեկը: Հենց այս պանսիոնում էր, և ոչ թե գավառական ուսումնարանում, որ Աբովյանը համեմատաբար լայն հնարավորություն է ստանում կիրառելու իր առաջավոր մանկավարժական գաղափարները, հայտաբերելու իր անձնուրաց նվիրվածությունը դաստիարակության գործին և անհուն սերը դեպի երեխաները:

Բազմաթիվ անվանի գիտնական-ճանապարհորդների հիացական վկայությունները առաջին հերթին վերաբերում են Աբովյանի գործունեությանը պանսիոնում: Բավական է հիշատակել Վագների, Կոխի և այլոց գնահատականները: Վագներին հաճելի կերպով զարմացրել է պանսիոնի սաների լավ գիտելիքները (հատկապես լեզուների), կարգապահությունը, դաստիարակվածությունը, Աբովյանի և նրա սաների միջև եղած բարեկամական, ընտանեկան հարաբերությունները:

Աբովյանն իր ամբողջ ժամանակը նվիրում էր սաներին, լինում էր նրանց հետ և արտադասարանային ժամերին զրուցում էր նրանց հետ (ոչ մայրենի լեզվով, որպեսզի աշակերտները վարժվեն ռուսաց և օտար լեզուներին). նա շատ հաճախ աշակերտներին էքսկուրսիաների և զբոսանքների էր տանում: Պարապմունքները պանսիոնում շարունակվում էին ամբողջ տարին, առանց ամառային արձակուրդների:

Պանսիոնում ուսման որակի ու մակարդակի, աշակերտների գիտելիքների մասին են խոսում ոչ միայն ժամանակակիցների գնահատակնները, այլև հենց պանսոնի «արտադրանքը»՝ նրանում սովորած աշակերտները, որոնցից շատերը, իրենց ուսումը շարունակելով միջնակարգ ու բարձրագույն դպրոցներում, հետագայում դարձան հայտնի հասարակական գործիճներ, գրողներ, ինչպես Գ. Աքիմյանը, Գաբր. Խատիսյանը, Գաբր. Սունդուկյանը և շատ ուրիշներ:

ԱԲՈՎՅԱՆԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ 1843-1848ԹԹ.:

Երևանի գավառական դպրոցը, որը բացվել էր 1832թ. սկզբին և արդեն ավելի քան տասնամյա գոյություն ուներ, այդ ժամանակ փայլուն վիճակում չէր գտնվում: Աբովյանի առջև դրված էր չափազանց դժվարին, մի մարդու ուժերից վեր խնդիր՝ ոտքի կանգնեցնել այդ դպրոցը: Դա էլ ավելի դժվար էր, եթե նկատի ունենանք, որ Երևանում ևս շարունակվում էր ոչ-բարյացակամ, թշնամական վերաբերմունքը դեպի Աբովյանը, Անդրկովկասում և մասնավորապես Հայաստանում դպրոցական գործի կազմակերպման հետ կապված մի շարք օբյեկտիվ դժվարություններ:

1843թ-ի հուլիսի 30-ին Ստ. Նազարյանին ուղղած նամակում Աբովյանը գրում է. «… Ես ուզում եմ… Երևանի վարժատունը բարձրացնել բարեփայլության աստիճանին և ճիգ թափել այնպիսի կատարելագործության հասցնել այն, որ հավասարվի ամեն մի  բարեկարգ ուսումնարանի, բայց ինչո՞վ, եթե իմ աշխատակիցները լինեն որթի բհիրք…»:

Եվ չնայած խնդրի դժվարության՝ Աբովյանը իրեն հատուկ կրքոտությամբ և ոգևորությամբ ձեռնարկում է դրա կենսագործումը: Խորապես ուսումնասիրելով ուսումնարանի իրական դրությունը՝ Աբովյանը փորձում է տալ  ուսումնարանի գոյություն ունեցող վիճակի և դրա պատճառների ավելի բազմակողմանի և օբյեկտիվ վերլուծությունը:

Ըստ Աբովյանի դրանք հետևյալն են՝

ա) Բնակչության, ծնողների անհոգ վերաբերմունքը դեպի դպրոցը, դեպի իրենց երեխաների ուսման գործը: Նման վերաբերմունքի հետևանքով աշակերտները դպրոց են հաճախում չափազանց անկանոն, շատերը դասերը բաց են թողնում շաբաթներով և ամիսներով՝ զբաղված լինելով տնային, գյուղատնտեսական աշխատանքներով: Շատերը միայն անվանապես են դպրոցի աշակերտներ համարվում՝ բոլորովին չհաճախելով այն: Դեպի դպրոցը աշակերտների և նրանց ծնողների ունեցած նման վերաբերմունքի հետևանքը եղել է այն, որ ավելի քան 15-ամյա գոյության ընթացքւմ Երևանի գավառական ուսումնարանը, ունենալով ընդհանուր թվով 550 աշակերտ, տվել է ընդամենը 10 շրջանավարտ:

Ըստ Աբովյանի՝ նման իրավիճակը պետք է բացատրել ամենից առաջ Անդրկովկասի ժողովուրդների կուլտուրական հետամնացությամբ, «որտեղ ժողովուրդները փոխանակ օրեցօր առաջանալու իրենց հոգևոր զագացման մեջ, շատ և շատ բան են կորցրել և իրենց առաջվա կրթությունից, որտեղ տիրողների բարբարոսությունը և բռնակալությունը ջնջել, ոչնչացրել են այն բոլորը, ինչ որ իր մեջ ունեցել է լուսավորության հետք և նմանություն…»:

Աբովյանը իրավացիորեն գտնում է, որ նման  պայմաններում չի կարելի ազգա­բնակ­չությունից սեր պահանջել դեպի կրթությունն ու գիտելիքները: Պետք է ազգաբնակչությանը շահագրգռել դպրոցներով, տվյալ դեպքում պետական դպրոցներով, մի բան, որ իրականում չկա: Աբովյանը արձանագրելով ուսումնական գործի անբավարար վիճակը գավառական ուսումնարանում, ինչպես և առհասարակ Հայաստանում, Անդրկովկասում՝ նա ամբողջ մեղքը չի բարդում ուսուցիչների վրա: Նա իրավացիորեն այդ բոլորում տեսնում է ոչ թե նեղ-մանկավարժական և ներդպրոցական, այլ ընդհանուր պատմա-կուլտուրական պրոբլեմ՝ տալով դրա պատմա-տնտեսական վերլուծությունը:

բ) Դպրոցական գործի խղճուկ վիճակի պատճառներից մեկն էլ Աբովյանը համարում է տեղական իշխանությունների անտարբեր ու անհոգ, արհամարհական, երբեմն էլ բացահայտ թշնամական վերաբերմունքը դեպի դպրոցը և դպրոցական աշխատողները:

գ) Տեղի բնակչության առանձին շերտերի անտարբեր վերաբերմունքը դեպի գավառական ուսումնարանը բացատրվում է նրանով, որ դպրոցական ուսումնական պլանում, ուսումնական գործի դրվածքի ու կազմակերպման մեջ կային մի շարք թերություններ, ինչպես օրինակ՝ անբավարար ուշադրություն դեպի տեղական լեզուները և հատկապես այդ լեզուների ուսումնասիրության բացակայությունը առաջին դասարանում: Իսկ տեղացի աշակերտների կողմից մայրենի լեզվի անբավարար իմացությունը դժվարացնում էր նաև ռուսաց լեզվի ուսումնասիրությունը: Դժվարություն էր ներկայացնում նաև հենց առաջին դասարանից բոլոր առարկաների դասավանդումը տեղացիների մեծամասնության համար դեռևս քիչ ծանոթ ռուսաց լեզվով:

դ) Ըստ Աբովյանի՝ այս ուսումնական-կազմակերպչական բնույթի թերությունները ավելի էին արտահայտվում դասավանդման միանգամայն անռացիոնալ մեթոդներով, որն ամենից առաջ բացատրվում էր ուսուցիչների մեծ մասի ցածր որակով, նրանց ձևական-չինովնիկական, անբարեխիղճ վերաբերմունքով դեպի իրենց անմիջական պարտականությունները:

Դրության արմատական բարելավման համար Աբովյանը որպես տեսուչ առաջարկում և մասամբ կիրառում է մի շարք միջոցառումներ:

Երևանի գավառական դատավորին ներկայացրած իր զեկուցագրում, ի թիվս այլ միջոցառումների, առաջարկում է «ոստիկանական իշխանության միջոցով պարտավորեցնել յուրաքանչյուր հոր իր երեխային դպրոց տալ 7-8 տարեկանից և մինչև 14 տարեկանը ոչ մի պատճառով նրան այնտեղից չվերցնել. մի այլ փաստաթղթում Աբովյանն առաջարկում է սահմանել տուգանքներ այն ծնողների համար, որոնք առանց որևէ պատճառի  ժամանակից առաջ իրենց երեխաներին վերցնում են դպրոցից»: 1844թ. հունվարի 22-ին Աբովյանը դիմում է ուսումնարանների դիրեկցիային՝ խնդրելով  կարգադրություն անելու, որպեսզի առանց ավարտման վկայականի ուսումնարանի նախկին աշակերտներից ոչ ոքի չընդունեն պետական ծառայության և այլն:

Աբովյանի ժամանակակիցները պատմում են, որ նա երբեմն անձամբ այցելում էր քաղաքի գինու և այլ խանութները՝ այնտեղից դուրս հանելով և ուսումնարան բերելով այն աշակերտներին, որոնք ուսումնական պարապմունքների ժամերին թափառում էին փողոցներում: Աբովյանը դիմում էր և համոզման մեթոդին, իր ժամանակի համար մատչելի ագիտացիայի մեթոդներով՝ հօգուտ կրթության, հօգուտ դպրոց հաճախելու անհրաժեշտության, նա հորդորում էր ծնողներին, որ իրենց զավակներին անուսում չթողնեն:

Ավելի արդյունավետ էին Աբովյանի կողմից առաջարկվող խրախուսանքի միջոցները: Ուսումնարանին վերաբերող իր հաշվետվություններից մեկում Աբովյանը գրում է. «Որքան շահավետ կլիներ դպրոցիս ու երկրիս համար, եթե հնարավոր լիներ ամեն տարի գոնե մի քանի աշակերտ ուղարկել առևտրական, տեխնիկական կամ երկրագործական դպրոցները, որով հնարավոր կլիներ ապահովել աշակերտի ապագան և ժամանակի ընթացքում բարձրացնել երկրի արդյունաբերությունը…»: Այդ նույն շարժառիթներից դրդված՝ գավառական դատավորին ներկայացրած իր զեկուցագրում Աբովյանը նպատակահարմար է գտնում, որպեսզի գավառական ուսումնարանի լավագույն աշակերտները, անկախ նրանց դասային պատկանելիությունից, սովորելու ուղարկվեն պետական բարձրագույն դպրոցները, ինչն էլ օրինակ կծառայի և  կխթանի ուսումնարանի մյուս աշակերտներին նույնպես ավելի լավ սովորելու: Մեկ այլ զեկուցման մեջ Աբովյանը խնդրում է գավառական ուսումնարանի երեք լավագույն չքավոր աշակերտների, որպես պետական թոշակառուների, ուղարկել իրենց ուսումը շարունակելու պետական ուսումնական հիմնարկներում, գտնելով, որ այդ հանգամանքը, որպես այդ բնույթի առաջին քայլը Անդրկովկասում, չափազանց բարենպաստ ազդեցություն կունենա ինչպես ուսումնարանի, այնպես էլ տեղական բնակչության վրա:

Աբովյանը ձեռնարկում է ոչ միայն կազմակերպչական-վարչական միջոցառումներ, այլև իրեն հատուկ ոգևորությամբ աշխատում է ուսումնարանի մեջ նոր ոգի մտցնել, կենսագործել իր առաջավոր մանկավարժական գաղափարները:  Աբովյանի այդ գաղափարները  և սկզբունքները շարադրված են նրա մի շարք փաստաթղթերում: Դրանցից հատուկ ուշադրության է արժանի «Ընդհանուր դիտողություններ…» փաստաթուղթը: Դա մանկավարժական-դիդակ­տիկական  մի ամբողջ ծրագիր է, որտեղ Աբովյանը ոչ միայն անխնա քննադատության է ենթարկում ուսումնական գործի վիճակը Անդրկովկասում, այլև շարադրում է իր սեփական մանկավարժական, դիդակտիկական հայացքները:

Չնայած նրան, որ Աբովյանի համար դժվար էր օժանդակություն գտնել իր մանկավարժական գաղափարների կենսագործման համար (առաջին հերթին դպրոցական իշխանությունների կողմից), նա անձամբ ամեն կերպ փորձում էր կիրառել դրանք կյանքում, որչափով դա թույլ էին տալիս աշխատանքային պայմանները գավառական ուսումնարանում և առհասարակ Հայսատանում և Անդրկովկասում:

Աբովյանի ժամանակակիցների ու նախկին աշակերտների բազմաթիվ հիշողություններից մեզ հայտնի է, թե նա ինչպիսի մեծ նորություններ է  բերում ոչ միայն մանկավարժական թեորիայում, այլև պրակտիկայում, առաջին հերթին իր անձնական պրակտիկ գործունեությամբ որպես ուսուցիչ և մասամբ որպես տեսուչ, ոչ միայն քարոզելով, այլև կենսագործելով դաստիարակության հումանիստական մեթոդներ, ռեալական կրթություն, զննականության պահանջները, աշխատանքային, ֆիզիկական դաստիարակություն և այլն: Աբովյանը շատ նոր ու առաջավոր բան մտցրեց գավառական ուսումնարանը՝  դպրոցական պրակտիկայում կիրառելով մինչ այդ չտեսնված բաներ, ինչպես աշխատանքային ուսուցումը, ֆիզիկական դաս­տիարակությունը: Աբովյանի տեսչության հենց առաջին տարին աշակերտների թիվը ավելացավ 90-ից մինչև 190, ինչպես նաև բարձրացել էր նրանց առաջադիմությունը:

Ինչ վերաբերում է Երևանում մասնավոր պանսիոն ունենալուն, Աբովյանը  այստեղ  այն չի բացում, որպեսզի արգելքների չհանդիպի դպրոցական իշխանությունների կողմից, ինչպես դա Թիֆլիսում էր: Նա ընտրում է ավելի հեշտ ուղի. գավառական ուսումնարանի  աշակերտների միջից ընտրում է ամենից ավելի ընդունակներին ու աշխատասերներին և դպրոցական պարապմունքներից ազատ ժամերին, երեկոները, իր բնակարանում, նրանց հետ լրացուցիչ պարապում է հայրերեն, ռուսերեն և գերմաներեն (վերջինս գավառական ուսումնարանում չէր դասավանդվում): Այս ամենի նպատակն էր՝ հիշյալ աշակերտներին նախապատրաստել և նրանց հնարավորություն տալ իրենց ուսումը շարունակելու Ռուսաստանում կամ արտասահմանում՝ հետագայում ուսումն ավարտելուց հետո, Աբովյանի օրինակով, նրանք ևս նվիրվեին իրենց ժողովրդի լուսավորությանը: Ժամանակակիցների վկայությամբ՝ Աբովյանը կարճ ժամանակամիջոցում մեծ արդյունքի է հասնում: Այդ առիթով, հայտնի բանաստեղծ ու ճանապարհորդ Բոդենշտեդտը իր «Հազար ու մի օր Արևելքում» գրքում պատմում է, որ Աբովյանը իր մետ հավաքում է 20-30 աշակերտների և նրանց հետ պարապում գերմաներեն, որի մեջ նրանք այնքան էին առաջադիմել, որ ինքը նրանց հետ ազատ կերպով գերմաներեն էր խոսում: